Այն բանից հետո, երբ Հայաստանում բարձրագույն մակարդակով սկսեցին հայտարարել Ոսկեպարի, Բաղանիսի և մյուս գյուղերի մասին, Ադրբեջանն էլ անմիջապես հայտարարեց հայերի նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործի մասին` «ադրբեջանցիներին ցեղասպանության և տեղահանման ենթարկելու» հոդվածներով: Այս մասին գրում է «Թաթոյան հիմնադրամ» -ը։
«Այդկերպ Ադրբեջանը ստեղծում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի ու հայերին ապօրինի ազատազրկելու արհեստական հիմքեր` հարուցելով կեղծ քրեական գործեր:
Մասնավորապես, երեկ Ադրբեջանի զինվորական դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, թե իբր 1990թ․ մարտի 24-ին «հայերն ադրբեջանցի բնակիչների վրա կրակ են բացել», որի հետևանքով «սպանվել են և գյուղից տեղահանվել են ադրբեջանցիներ»։
Ըստ ադրբեջանական դատախազության` «Բաղանիսի և Այրումի «ցեղասպանության» մեղադրանքով 18 հայի նկատմամբ կեղծ քրեական գործը հարուցվել է 2005 թ․ մայիսի 5-ին՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ («Ցեղասպանություն») և 107-րդ («Բնակչությանը բռնի տեղահանում») հոդվածներով։ Ըստ այդ հայտարարության` իբր «Ղազախի շրջանի 7 գյուղ
շարունակում է մնալ Հայաստանի «օկուպացիայի» ներքո, Հայաստանը պետական մակարդակով իրականացնում է «ահաբեկչություն»։
Այս ամենը ցույց է տալիս, որ նշված զիջումը լի է նոր աղետաբեր հետևանքներով, այդ թվում` Հայաստանի քաղաքացիների ապօրինի ձերբակալություններով, առևանգումներով, գերեվարումներով:
Ադրբեջանի իշխանությունն իր բոլոր հայտարարություններով ու գործողություններով ցույց է տալիս, որ խաղաղության որևէ նպատակ չունի, ընդհակառակը` գործում է Հայաստանին ու հայությանն ուղղված առավել ընդգծված ագրեսիվ քայլերով ու սպառնալիքներով» – ասվում է հաղորդագրության մեջ։