25 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ներկայիս իշխանությունը մինչ օրս չի ընդունել ԱՀ նախագահին․ Սեյրան Օհանյան

ՀՀ ներկայիս իշխանությունը մինչ օրս չի ընդունել ԱՀ նախագահին․ Սեյրան Օհանյան

Արցախյան հակամարտությունը դեռ ավարտված չէ. այսօր լրագրողների
հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան
Օհանյանը։ Նրա խոսքով՝ Արցախի հարցում երեք հստակ արձանագրում պետք է արվի։ 

«Առաջինը՝ Արցախի էջը փակված չէ, դեռ ավելին՝ Ադրբեջանի Հանրապետության
ագրեսիվ և հանցագործ քաղաքականության արդյունքում սեպտեմբերի վերջին դեպքերի ժամանակ
տեղի է ունեցել էթնիկ զտումներ, ցեղասպանություն, և Արցախի հայաթափում։ Ադրբեջանի ղեկավարությունը
միջազգային հարթակներում պետք է պատասխան տա, ենթարկվի տարբեր պատժամիջոցների»,-ասել
է նա։

Օհանյանի երկրորդ արձանագրումը Արցախի սուբյեկտայնության պահպանման
խնդիրն ու արցախահայերի նկատմամբ համապատասխան քաղաքականության իրականացումն էր։ 

«Արցախի խնդրի, հակամարտության չավարտված պայմաններում պետք է խիստ
միջոցառումներ ձեռնարկել Արցախի սուբեկտայնության պահպանման համար։ Դրանք ուղղված պետք
է լինեն Արցախի պետական ինստիտուտների պահպանման ու Արցախի ժողովրդի նկատմամբ համապատասխան
քաղաքականության իրականացման, որպեսզի նրանք մնան Հայաստանում։ Այս ուղղությամբ աշխատանքների
իրականացման հիմնական կատարողները ՀՀ և ԱՀ  իշխանություններն են»,-ասել է Օհանյանը։

 Նա կարևորել է միջազգային հարթակներով Արցախի հարցով բանակցությունների
շարունակումը՝ նշելով, որ Արցախը որպես սուբեկտ գոյություն ունի, թեկուզ ոչ իր տարածքում։

«Սակայն մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվել
են պահպանել Արցախի պետական ինստիտուտները ու զբաղված են միայն սոցիալական ու հումանիտար
խնդիրներով»,-նշել է Օհանյանը։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Արցախի հարցի շուրջ պետք է ռազմավարական
հատուկ ծրագիր մշակել ու այն առաջ տանել։