Մասիս համայնքում մոտ 12000 արցախցի է հաստատվել
Մասիսի խոշորացված համայնքը Արցախի հայաթափման ժամանակ հյուրընկալել
է 12 000 արցախցիների. ABC Media-ին տեղեկացրեց համայնքապետ Դավիթ Համբարձումյանը։
Սկզբնական շրջանում արցախցիներին հենց քաղաքացիների տներում են տեղավորել, գործարարներն
են օգնել, հայաստանյան ու միջազգային հասարակական կազմակերպություններ ևս։
«12 000-ին ընդունել ենք, բայց հիմա այդքան արցախցիներ չկան։ Տեղահանվածներ
են եղել, որ ուրիշ համայնքում են տուն գտել ու տեղափոխվել։ Եթե անկեղծ, երբ մեր արցախցի
հայրենակիցները գնում են մեր համայնքից, տխրում ենք, դրա համար ուզում ենք հնարավորինս
լավ պայմաններ ստեղծենք, որ մնան մեզ մոտ»։
«Մարդիկ դեռ սթրեսից դուրս չէին եկել, կացարանի հարցերն էին առաջնային
ու հիմա էլ դեռ ամբողջությամբ կարգավորված չէ։ Հիմա փորձում ենք օգնել նաև աշխատանք
գտնելու հարցում։ Ճիշտ է՝ հնարավորությունները այդքան մեծ չեն, որ բոլորին աշխատանքի
տեղավորենք, բայց փորձելու ենք օգնել»,-ասաց համայնքի ղեկավարը։
Արցախցի երեխաների համար մշակութային տարբեր միջոցառումներ կազմակերպելով՝
փորձում են նրանց ինտեգրել Մասիս համայնքին։ Մեծ խնդիրներից է երեխաներին մանկապարտեզներում
տեղավորելը։
«Մեր համայնքում հաստատված արցախցիներին օգնելու ցանկություն են
հայտնել նաև սփյուռքահայերը։ Մասիսի 3 համայնքում արդեն գրանցված մարդիկ կան, որոնք
շուտով կստանան իրենց աջակցությունը»,-ասաց Համբարձումյանը։