Թուրքիան ընդդեմ Նեթանյահուի հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան
Անկարան ընդդեմ Իսրայելի
վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ նրան
մեղադրելով Գազայի հատվածում ցեղասպանություն իրականացնելու համար։ Այս մասին X-ի իր
միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության
փաստաբան Մեթին Կյուլյունքը։
«Այսօր, ներկայացնելով
Թուրքիայի Հանրապետության քաղաքացիների խիղճը, մենք հայց ենք ներկայացրել Հաագայի միջազգային
քրեական դատարան ընդդեմ 21-րդ դարի Հիտլերի՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի, ով պետք
է դատարանի առաջ կանգնի Գազայի հատվածում իր կողմից իրագործված ցեղասպանության և մարդկության
դեմ կատարված բոլոր հանցագործությունների համար»,- գրել է նա:
Գրառմանը կից փաստաբանը
հրապարակել է 23 էջից բաղկացած փաստաթղթի առաջին էջն ու ընդգծել, որ հայցը ներկայացրել
է իր երկու գործընկերների հետ Թուրքիայի արդարադատության նախարարության միջոցով, որն
էլ փաստաթուղթը կուղարկի ՄՔԴ։
Հայցի տեքստում թուրքական
կողմը ՄՔԴ-ի դատախազությունից պահանջել է հավաքագրել Պաղեստինի ժողովրդի դեմ Նեթանյահուի
կատարած հանցագործությունների ապացույցները, որպեսզի հետագայում քրեական վարույթ նախաձեռնվի
Իսրայելի վարչապետի ու մյուս մեղավորների նկատմամբ։ Փաստաբանները պնդում են, որ քաղաքական
գործիչը «ամբողջ աշխարհի աչքի առաջ» միջազգային կոնվենցիաներով արգելված զենք է կիրառում
Գազայի հատվածում։