Նյու Յորքում Բայդենի վարչակազմի քաղաքականության դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել
Պաղեստինի մի քանի տասնյակ աջակիցներ հավաքվել են Մանհեթենի կենտրոնում գտնվող Նյու Յորքի հանրային գրադարանի մոտ՝ բողոքելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Մերձավոր Արևելքում վարվող քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հավաքվածները վանկարկել են «Բայդե՛ն, դու խաբեբա ես, դու բորբոքեցիր հակամարտությունը Պաղեստինում»։
«Մենք այստեղ բոլորս չենք աջակցում այս վարչակազմին: Նրանք պատասխանատու են Գազայում Իսրայելի գործողությունների համար: Նրանք պատասխանատու են Գազայի խաղաղ բնակիչների մահվան համար, ովքեր մահանում են Իսրայելի հարվածներից և սովից», – ասել է ցուցարարներից մեկը ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում։
Բողոքի ակցիան տեղի է ունեցել անվտանգության ուժեղացված միջոցառումների ֆոնին։ Հանրային գրադարանի մոտ տեղակայվել է ոստիկանության մոտ 30 աշխատակից։ Սա մասամբ պայմանավորված էր նրանով, որ մի քանի ժամից Նյու Յորքում տեղի էր ունենալու Դեմոկրատական կուսակցության դրամահավաք միջոցառումը նախընտրական արշավի համար, որին պետք է մասնակցեր Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը և ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը։