Ռազմական ծախսերը՝ Իսրայելի 2024-ի բյուջեի առաջնահերթություն
Իսրայելի 2024 թվականի բյուջեն նախ կենտրոնացած կլինի պատերազմի
վրա, ապա՝ տնտեսական աճի. ասել է էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկատը։
Նա պարզաբանել է, որ բյուջեի շրջանակներում կթույլատրվեն որոշակի «զիջումներ», որոնք
անհրաժեշտ են կառավարության ընդլայնման համար։
Իսրայելի ֆինանսների նախարարությունը պատրաստվում է առաջիկա
օրերին ներկայացնել նոր բյուջեն։ «2024 թվականին մենք ձևավորում ենք բյուջեն այնպես,
որպեսզի կենտրոնացած լինենք պատերազմի, ապա՝ տնտեսական աճի վրա։ Մենք կգնանք անհրաժեշտ
զիջումների, որպեսզի բոլորը երջանիկ լինեն»,- ասել է Բարկատը՝ Bloomberg-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները կարժենան Իսրայելի
ՀՆԱ-ի 2-3%-ը, բայց երկիրը կարող է «համեմատաբար հեշտությամբ հաղթահարել այն»: Նա նաև
հերքել է պոտենցիալ ներդրողների մտահոգությունները այն տնտեսական գնի վերաբերյալ, որը
Իսրայելը պատրաստ է վճարել պատերազմի համար: «Եթե չկա անվտանգություն, չկա նաև տնտեսություն։
Ահա թե ինչու մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ անվտանգությունը վերականգնելու համար»,-
նշել է Նիր Բարկատը։
Հիշեցնենք, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև
պատերազմը շարունակվում է։ Իսրայելական կողմից զոհվել է 1,4 հազար մարդ, Պաղեստինը
զոհերի թիվը գնահատում է 11 հազար։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոսել է
Գազայի գոտում ռազմական վերահսկողություն սահմանելու ծրագրերի մասին։ Տեղական բիզնես
Calcalist հրատարակությունը, վկայակոչելով ֆինանսների նախարարության տվյալները, հայտնում
է, որ ՀԱՄԱՍ-ի դեմ գործողությունը Իսրայելին կարժենա ավելի քան 50 միլիարդ դոլար, ինչը
կկազմի Իսրայելի տարեկան ՀՆԱ-ի մոտ 10%-ը, պայմանով, որ ռազմական գործողությունները
շարունակվեն ոչ ավելի, քան 12 ամիս և սահմանափակվեն Գազայի գոտով։