20 Սեպ
2024
21.3° c ԵՐԵՎԱՆ
16.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանության հանդեպ անվստահությունը կրիտիկական աստիճանի է հասել․ քաղտեխնոլոգ

Իշխանության հանդեպ անվստահությունը կրիտիկական աստիճանի է հասել․ քաղտեխնոլոգ

Հրապարակված վերջին հարցումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է՝ հասնելով 8 տոկոսի։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սա ցույց է տալիս, որ իշխանության հանդեպ անվստահությունը կրիտիկական աստիճանի է հասել։

«Խոսքն այն 8 տոկոսի մասին է, որն անվերապահորեն վստահում են Նիկոլ Փաշինյանին։ Սա նշանակում է, որ ընդհանուր առմամբ որոշակի կոնսենսուս կա հասարակության մեջ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լեգիտիմ իրավունք չունի ներկայացնել Հայաստանը նաև բանակցություններում, որոնք վարում են, թե՛ հայադրբեջանական հարաբերությունների ճակատում, թե՛ առհասարակ բոլոր գործընթացներում, որոնք կապվում են աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության հետ»,-ասաց Հակոբյանը։

Մասնագետը նաև նշեց՝ սա նշանակում է, որ  ընդդիմության համար կա իսկապես պարարտ հող, որպեսզի կարողանա աշխատել։

«Սա նշանակում է, որ կա դժգոհություն իշխանությունից, բայց չի նշանակում, որ եթե մարդիկ դժգոհում են, ապա իրենց ձայնը տալու են ընդդիմությանը։ Այսինքն՝ ընդդիմությունը պետք է փորձի իրենով անել նաև այն ձայները, որոնք կորցրել է իշխանությունը։ Կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է կարողանա փարատել այն կասկածները, որ իրենք հենց պատերազմի կուսակցություն են, որովհետև Նիկոլ Փաշինյանը չորս տարի հենց դրա վրա է մանիպուլյացիա անում։ Նա ասում էր, որ ինքը խաղաղություն բերող է, իսկ մնացածը՝ պատերազմ։ Այսինքն նա բավարարում էր հասարակության մի ստված զանգվածի խաղաղության բնական պահանջը»,-նշեց մասնագետը։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը իր խաղաղությամբ մանիպուլացնում էր ժողովրդին, ընդդիմությունը խաղաղության ռեալ կոնցեպտ չէր առաջարկում։ «Ընդամենը բավարարվում էր «արժանապատիվ խաղաղություն» տերմինով, բայց չէր բացատրում՝ դա ինչպե՞ս կարող է լինել, իսկ Փաշինյանն էլ հաջող մանիպուլյացիա էր անում։ Ընդդիմությունը պետք է ասի, թե ինչպես է պատկերացնում խաղաղության գործընթացը, եթե գա իշխանության, ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն»,-ասաց Վիգեն Հակոբյանը՝ հավելելով՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս որևէ վստահություն չունի, չունի ո՛չ փողոց, ո՛չ էլեկտորալ լուրջ զանգված ու սա ապացուցվեց Երևանի ավագանու ընտրություններով։