23 Դեկ
2024
4.6° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ՀՀ ԳԱԱ

Անթույլատրելի է բոլոր բուհերը եւ գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը․ ՀՀ ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշում է ընդունել «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի մասին»։

Որոշման մեջ նշված է․

«Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) ընդլայնված ընդհանուր ժողովը

–   քննարկելով ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների (բուհեր) խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների փոխգործակցության հնարավորությունների հարցը,

–   ենթադրելով, որ «Ակադեմիական քաղաք» ծրագրի ներդրումը կնպաստի ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանն ու միջազգային մրցունակության բարձրացմանը,

–   հաշվի առնելով ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների առաջարկությունները պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման գործընթացի վերաբերյալ,

–   հիմք ընդունելով ՀՀ բարձրագույն կրթության և գիտության զարգացման արդի փուլը, տասնամյակներով ձևավորված և արդեն իսկ կայացած ավանդույթների ու միջազգային ճանաչում ունեցող գիտական դպրոցների պահպանման ու հետագա զարգացման անհրաժեշտությունը,

–   հաշվի առնելով գործընթացի մասնակիցների/շահառուների լիարժեք համաձայնության բացակայությունը,

–   հիմք ընդունելով գիտական և գիտակրթական բնագավառների կազմակերպման համաշխարհային փորձը՝ համարում է՝

–   տեղային ու աշխարհաքաղաքական իրողությունների ներկա պայմաններում գիտության և բարձրագույն կրթության ավանդական մոդելի կտրուկ ու արմատական փոփոխությունը նպաստավոր չէ երկու ոլորտների համար էլ,

–   անթույլատրելի է բոլոր բուհերը և գիտական կազմակերպությունները մեկ վայրում կենտրոնացնելը ռազմավարական ու անվտանգային նկատառումներով,

–   անհրաժեշտ է ապահովել գիտական գործունեության կազմակերպման ձևերի բազմազանություն` բուհերը պետք է ունենան ժամանակակից գիտահետազոտական բաղադրիչ/միավորներ, սակայն պետք է լինեն նաև ինքնուրույն, առանձին գործող, հիմնականում գիտական և գիտատեխնոլոգիական գործունեություն իրականացնող կազմակերպություններ կամ դրանց համակարգեր,

–   ՀՀ պետական բուհերի խոշորացման ու արդիականացման ընթացքում չպետք է խաթարվի Հայաստանի գիտության կայուն զարգացումն ու գիտատեխնոլոգիական առաջընթացը,

–   նպատակահարմար է, որ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների խորհուրդը քննարկի ակադեմիայի դիրքորոշումները «ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի» վերաբերյալ և դրանք ներկայացնի համապատասխան աշխատանքային խմբերին»:

«Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում գիտության և կրթության ինտեգրման առավել արդյունավետ և քիչ ռիսկային ու իրատեսական տարբերակն է.

  1. ակադեմիական քաղաքի կլաստերներում ինտեգրվում են այն բուհերը և գիտական կազմակերպությունները և/կամ դրանց կառուցվածքային միավորները, որոնց գործունեությունը գերազանցապես համընկնում է տվյալ կլաստերի գործառույթների հետ (փոխադարձ համաձայնությամբ),
  2. ռիսկային գործոնները բացառելու նպատակով կլաստերների ձևավորումն իրականացվում է փուլային տարբերակով (պիլոտային ծրագրերի իրականացում),
  3. ակադեմիական քաղաքի կլաստերների ձևավորմանը զուգահեռ ԳԱԱ համակարգում մասնագիտական գործունեության ոլորտներով մոտ գիտական կազմակերպությունների հենքի վրա ձևավորվում են գերազանցության գիտական կենտրոններ/ցանցեր, ինստիտուտներ ու միջազգային կազմակերպություններ (գլոբալ հետազոտական ուղղություններով մեկական կենտրոն), որոնք կարող են համագործակցել հանրապետության բոլոր բուհերի հետ,
  4. հանրապետության գիտական, տեխնոլոգիական և/կամ պաշտպանական խնդիրների լուծման համար ձևավորվում են հատուկ նշանակության գիտական/գիտատեխնոլոգիական կազմակերպություններ, որոնք գործում են վերոնշյալ երկու կառույցներից դուրս։

Ինտեգրման վերը հիշատակված տարբերակը հնարավորություն կտա գիտական և գիտակրթական բնագավառներում ապահովել և՛ կազմակերպման ձևերի բազմազանություն, և՛ գիտատեխնոլոգիական առաջընթացի զարգացման համար անհրաժեշտ մրցակցային պայմաններ։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համագործակցությունը հնարավոր է կազմակերպել/իրականացնել ինտեգրման հետևյալ գործառույթների շրջանակում`

  1. հիմնարար հետազոտությունների համատեղ ծրագրերի իրականացում՝ գիտական կենտրոնների/ինստիտուտների հետազոտական ծրագրերում բուհերի գիտական ներուժի և պրոֆեսորադասախոսական կազմի ներգրավմամբ և հակառակը,
  2. համատեղ գիտական/տեխնոլոգիական լաբորատորիաների/կենտրոնների ստեղծում բուհերում` հիմնականում գործնական նշանակություն ունեցող, որոշակի խնդիրների լուծմանը միտված հետազոտություններ իրականացնելու նպատակով՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, ԳԱԱ-ի և համատեղ միավորի տեղակայման բուհի միջև պայմանագրերի հիման վրա,
  3. բուհերի բազային ամբիոնների ձևավորում գիտական կենտրոններում/ինստիտուտներում` առաջատար գիտնականների ղեկավարությամբ կոնկրետ գիտական և/կամ գիտատեխնիկական խնդիրների լուծման գործընթացներում ուսանողներին ներգրավելու նպատակով,
  4. գիտակրթական կլաստերների ձևավորում ըստ բնագավառների ու մասնագիտությունների` բուհ(եր)ի, գիտական կենտրոնների/ինստիտուտների, արտադրական ու տնտեսվարող սուբյեկտների, ըստ անհրաժեշտության նաև պետական կառավարման մարմինների ներգրավմամբ` ուսանողների հմտությունների զարգացմանն ու մասնագիտական ուղու ձևավորմանն աջակցելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից չափանիշներին համապատասխան բուհեր ձևավորելու/հիմնադրելու միջոցառումները պետք է մի կողմից միտված լինեն նոր ձևավորվող բուհերում ժամանակակից գիտահետազոտական միջավայր ապահովելուն ու գիտության արդի պահանջներին համապատասխան գիտակրթական գործառույթներ կազմակերպելուն («research-based education»՝ հետազոտությունների վրա հիմնված կրթություն), մյուս կողմից պետք է պահպանվեն ու զարգացվեն Հայաստանի գիտական ավանդույթները և նպաստեն միջազգային գիտական/գիտատեխնիկական տարածքում մեր գիտական կազմակերպությունների ձեռքբերումների և ուրույն տեղի պահպանմանն ու զարգացմանը:

Հաշվի առնելով Հայաստանի գիտական կազմակերպությունների և բուհերի ինստիտուցիոնալ կարողությունների արդի մակարդակը` գտնում ենք, որ ներկա իրավիճակում անհրաժեշտ է զարգացնել ԳԱԱ որպես գիտահետազոտական կազմակերպությունների համակարգ, որը մի կողմից համագործակցում է բուհերի հետ՝ ապահովելով գիտական արդյունքի ձեռբերման և կրթության համար ակտիվ գիտական միջավայր, մյուս կողմից՝ պետական գերատեսչությունների ու տնտեսության մասնավոր հատվածի հետ՝ պետական գիտատեխնոլոգիական, այդ թվում՝ պաշտպանական, պատվերների ձևավորմանն ու դրանց կատարմանը մասնակցելու և տնտեսական շրջանառության մեջ գիտական արդյունքների ներդրմանը խթանելու նպատակով:

Ակնկալում ենք պատկան մարմինների գործուն աջակցությունը՝ ԳԱԱ կառուցվածքի ու կառավարման մեխանիզմների արդիականացմանը և գործառույթների արդյունավետության բարձրացմանն ուղղված ԳԱԱ առաջարկներին ընթացք տալու հարցում»։

Որոշումը դրվել է շրջանառության մեջ։