Կահիրեից հակասական տեղեկություններ են ստացվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում ձեռք բերված արդյունքների մասին
Եգիպտական «Ալ–Կահիրո» և «Ալ–Քահիրա ալ–Իխբարիա» հեռուստաալիքները, վկայակոչելով եգիպտական բարձրաստիճան աղբյուրը, հայտնում են ՀԱՄԱՍ–ի հետ բանակցություններում «զգալի առաջընթացի» և «բոլոր կողմերի միջև հիմնական վիճելի կետերի շուրջ համաձայնության գալու» մասին: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ–ի և Իսրայելի պատվիրակությունները կլքեն երկիրը մի քանի ժամվա ընթացքում, իսկ ՀԱՄԱՍ–ի և Կատարի պատվիրակությունները կմեկնեն և կվերադառնան երկու օրվա ընթացքում՝ վերջնական համաձայնություն կնքելու համար։ Բանակցությունները կշարունակվեն մոտ 48 ժամ։
ՀԱՄԱՍ–ի հետ առաջիկա գործարքում առաջընթացի մասին լուրերը մեկնաբանել է խորհրդարանական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը, որն Իսրայելի «Կան» պետական մեդիակորպորացիայի թղթակցի հետ զրույցում հասկացնել է տվել, որ ՀԱՄԱՍ–ի գերության մեջ մնացած պատանդների ազատ արձակման պայմանները այս անգամ հատկապես ցավալի են լինելու Իսրայելի համար։
«Դա կլինի գործարք, որը մեզ դուր չի գա, բայց մենք պետք է ճնշում գործադրենք կառավարության վրա, որ նա կայացնի այդ գործարքը», – ասել է Լապիդը:
ՀԱՄԱՍ–ի հրապարակած պաշտոնական հայտարարությունից պարզ է դառնում, որ Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների վերջին փուլից առաջ պաղեստինյան շարժման բանակցողները, ովքեր ժամանել են Կահիրե, հանդիպել են Եգիպտոսի հետախուզության ղեկավար Աբբաս Քամելի հետ և «հաստատել իրենց հավատարմությունը» ավելի վաղ առաջ քաշված բոլոր պահանջներին։ Նրանք հայտնում են, որ պատանդների ազատ արձակումը հնարավոր կլինի միայն կրակի ամբողջական դադարեցման և Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման, մարդասիրական օգնության ավելացման և տեղահանվածների հայրենիք վերադարձի դեպքում։
Իսրայելը բազմիցս այդ պահանջներն անվանել է «զառանցական» և պնդել, որ կշարունակի պատերազմը ժամանակավոր հրադադարից հետո մինչև հասնի իր նպատակներին՝ ՀԱՄԱՍ–ի ռազմական, քաղաքական և կառավարման հնարավորությունների ամբողջական ոչնչացմանը և բոլոր պատանդների վերադարձին:
Տեղեկացնենք նաև, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչը հերքել է՝ Գազայի գոտում զինադադարի շուրջ Եգիպտոսում ընթացող բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին տարածված լուրերը։
Կահիրեում բանակցային գործընթացի ներկա վիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռ չկան։