Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Գարիկ Կարապետյանը (102 կգ քաշային կարգ) երկամարտի 401 կգ (185+216կգ) արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրեց 185 կգ կշռող ծանրաձողն ու նվաճեց փոքր բրոնզե մեդալ։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եռակի փոխչեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը, որը պոկում վարժությունում գլխավերևում պահեց միայն 172-կիլոգրամանոց ծանրաձողը։ Գասպարյանը հրում վարժությանը չմասնակցեց և երկամարտի արդյունք չգրանցեց։
Աշխարհի գավաթի խաղարկությունն օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է։ Փարիզ-2024-ի ուղեգիր են նվաճում նախորդ վարկանիշային մրցաշարերում յուրաքանչյուր քաշային կարգում 10 լավագույն արդյունք գրանցած մարզիկները։ Գարիկ Կարապետյանն աշխարհի գավաթի խաղարկությունում թարմացրեց օլիմպիական վարկանիշային մրցաշարերում գրանցած արդյունքը և երկրորդ տեղում է իր քաշային կարգում։