Բուհերն ու դպրոցները զտվում են ընդդիմադիր մասնագետներից․ պատգամավոր
Բուհական և հանրակրթական դպրոցներից բացահայտորեն զտում են ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներին, դասախոսներին, միչդեռ Փաշինյանը իշխանության գալուց առաջ հայտարարել էր, թե կրթական ոլորտը զերծ պետք է մնա քաղաքականությունից։ Այսօր ԱԺ նիստին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով կրթական ոլորտում առաջացած մի քանի խնդրի։
Նա 2023 թվականից կիրառվող դպրոցի տնօրենների և վարչական համակարգողի ընտրության նոր կարգը կոնֆլիկտային է համարում, զարգացման ծրագրերի գնահատման բնութագրիչներն էլ՝ ոչ հստակ։
«Մի շարք դպրոցներում տնօրենի գործառույթները իրականացնում են ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք, ըստ էության, չունենալով կառավարման հմտություններ ու մանկավարժական փորձ՝ հանրակրթությունը վերածում են փորձադաշտի»,- ասել է Գալստյանը։
Նրա խոսքով՝ հիմա դպրոցներում կադրային լուրջ սով կա։ Պատգամավորն անդրադարձել է նաև ուսուցիչների ատեստացիայի գործընթացին։
«3 տարում ատեստավորվել է ուսուցիչների 1 տոկոսը, որից ընդամենը 6 տոկոսն է 400 000 ստանում՝ ներառյալ հարկերը, 60 տոկոսի աշխատավարձերը 150 000 է, 35 տոկոսինը մինչև 250 000։ Միգուցե ատեստացիան շատ անհրաժեշտ գործիք է մրցակցային տեսանկյունից, բայց եթե շահագրգիռ էր որակյալ մանկավարժական կադրերով համալրելը, ապա իրապես պետք է վերատեսության ենթարկեն ուսուցիչների բազային աշխատավարձը»,-ասել է նա։
Բազմաթիվ հարցեր են առաջացնում դպրոցների ֆինանսավորման նոր կարգն ու սուբսիդավորման պայմանագրերը։
«Պայմանագրերում նախատեսված չեն կամ չեն համապատասխանում ԿԳՄՍ-ի հաստատած նորմատիվներին, ու շուտով հնարավոր է ունենանք դասընթացների բնականոն գործունեությունը կաթվածահար լինելու դեպքեր»,- կանխատեսել է Գալստյանը։