ՀԱՄԱՍ-ի առաջնորդի 3 որդիներից բացի զոհվել են նաև 4 թոռները․ նոր մանրամասներ
ՀԱՄԱՍ–ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի մահացած թոռների թիվը հասել է չորսի․ այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով խմբավորման հայտարարությանը։ Նախօրեին հաղորդվել էր, որ սպանվել են Հանիայի 3 որդիները։
«Նրանք կանգնեցին իրենց ժողովրդի հետ նույն շարքում և միացան ազնվական ու հերոս Հանիյա ընտանիքի շուրջ 60 նահատակների թափորին, ինչպես նաև՝ մեր արդար ու անսասան ժողովրդի նահատակների շարասյուններին», – ասված է ՀԱՄԱՍ–ի հայտարարության մեջ։
ՀԱՄԱՍ–ը նշել է գլխավոր քարտուղարի մահացած թոռների անունները՝ Մոնա, Ամալ, Խալիդ և Ռազան։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանցից մեկն անչափահաս է։
Նախօրեին Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է «ՀԱՄԱՍ–ի երեք գրոհայիններին հասցված օդային հարվածը»։ Ինքը՝ Հանիան, շնորհակալություն է հայտնել «Աստծուն այն պատվի համար, որ նա տվել է՝ երեք որդիների և թոռների նահատակությամբ»:
Դեռ երեկ Թուրքիան ցավակցություն է հայտնել Հանիայի հարազատների մահվան կապակցությամբ՝ ի դեմս արտաքին գործերի նախարարի և երկրի նախագահի։ Աջակցության խոսքեր են հայտնել նաև իրանցի պաշտոնյաները։
«Իսրայելական ռեժիմի կողմից Իսմայիլ Հանիեի ընտանիքի անդամների դեմ իրականացված կոտորածը միայն արագացնում է ռեժիմի փլուզումը», – ասել է արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահյանը։
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին ընդգծել է, որ «այս հանցագործությունը ցույց տվեց Իսրայելի ռեժիմի դաժանությունը»։