Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին` ոգեկոչելով ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը: Այս մասին տեղեկացնում է Pasadena Now լրատվականը։
Առաջարկը ներկայացվել է Փասադենայի ներկայացուցիչ Քեթրին Բարգերի կողմից։ Առաջարկի համահեղինակ է նաև Հիլդա Սոլիսը:
Քեթրին Բարգերը հայտարարել է, որ կարևոր է անցյալից դասեր քաղելը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության մասին հիշելը հնարավորություն է տալիս սգալ ավելի քան 1․5 միլիոն անմեղ կյանքերի կորուստը։
«Երբ մենք հանդիսավոր կերպով հիշատակում ենք կորսված բազմաթիվ կյանքերը, մենք նաև հարգում ենք հայ ժողովրդի տոկունությունը, ով վերակառուցել է իր կյանքը ոչնչից, այդ թվում՝ այստեղ՝ Լոս Անջելեսում։ Եկեք վերստին պարտավորվենք վստահ լինել, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը, և որ մենք միշտ հանդես կգանք ատելության և վայրագությունների դեմ, որտեղ էլ որ դրանք լինեն»»,- իր հերթին ընդգծել է առաջարկի համահեղինակ Հիլդա Սոլիսը: