ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում արցախահայերը կշարունակեն օգտվել աջակցության ծրագրերից. պետնախարարի հարցազրույցը` ամփոփ
Արցախի պետնախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի
Հանրային հեռուստաընկերությանը` խոսելով Արցախի հայաթափման և ՀՀ-ում արցախցիների խնդիրների
մասին։
Հարցազրույցի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև.
– ԱՀ Սահմանադրական բոլոր մարմինները շարունակում են գործել՝ հասարակական հիմունքներով։
– Այս պահին Արցախի Կառավարությունը ոչ մի ծրագիր իրականացնել չի
կարող, քանի որ ֆինանսավորում չունի։ Մեր հայրենակիցների սոցիալական, առողջապահական,
կրթական և այլ հարցերի վերաբերյալ կարգավորումները տրվում են ՀՀ Կառավարությունում։
– Սեպտեմբերի 19-ին` պատերազմը սկսելուց ժամեր անց, տարհանել ենք
թշնամու նշանառության տակ հայտնված գյուղերի բնակիչներին։ Հաջորդ օրը Ստեփանակերտում
արդեն 8000 տեղահանված բնակիչ կար։
– Էլեկտրաէներգիայի, կապի խափանումների պատճառով պատշաճ տեղեկատվություն
չենք հաղորդել։ Այդ օրերին ապատեղեկատվություններ էին շրջանառվում, ասում էին՝ իբր
պետք է անպայման 30 000 մարդ մնա Արցախում։ Մարդիկ խուճապահար փորձում էին դուրս գալ։
– Տեղեկատվական բազաները, որոնցով պետք է սպասարկվեն մեր քաղաքացիները,
փոխանցում ենք ՀՀ գերատեսչություններին։
– Աշխատանքից ազատված քաղաքացիներին վերջնահաշվարկ վճարել չենք կարողանում`
ֆինանսավորում չունենալու պատճառով, բայց դա հաշվառել ենք որպես կառավարության պարտավորություն։
– ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում, ըստ նախնական քննարկումների,
արցախահայերը շարունակելու են օգտվել աջակցության ծրագրերից։
– ՀՀ կառավարության հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք` բարձրաձայնում,
քննարկում, առաջարկներ ներկայացնում այն խնդիրների շուրջ, որոնք առաջացել են մեր քաղաքացիների
շրջանում։
– Կենսաթոշակ ստանալու համար քաղաքացիները որևէ տեղ դիմելու անհրաժեշտություն
չեն ունենալու։ Պետք է լինելու միայն գրանցման հասցե ունենալ։