Փաշինյան-Ալիև մակարդակով տեղի ունեցող սահմանազատման գործընթացը ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա․ Խաչատրյան
Այս իշխանությունը հղում է անում 1991 թվականի Ալմա-Աթայի դեկլարացիային, սակայն ադրբեջանական ստորագրությունն այս փաստաթղթի տակ չկա․ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նայե՛ք՝ երբ է Ադրբեջանը միացել այդ փաստաթղթերին։ Այս իշխանությունները հղում են կատարում մի բանի վրա, որը գոյություն չունի»,- ասել է Խաչատրյանը։
Անդրադառնալով քարտեզների թեմային՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ խոսել են 1974 թվականի քարտեզի մասին, որը մերժեց Ադրբեջանը։
«Սահմանաճշտման աշխատանքներ են եղել 1988 թվականի հունվարի 12-ին՝ մինչև Արցախյան հակամարտության սկիզբը, դրանք հաշվի չեն առնվում։ Ամբողջ սահմանի երկայնքով պետք է լինի սահմանազատում, հետո սահմանագծում, հետո նոր զինված ուժերի վերատեղակայում՝ նոր սահմանների երկայնքով։ Այս մարդիկ գնում են հատվածական՝ «սա տանք, տեսնենք՝ ինչ է լինելու», ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունենում Շուռնուխում»,-ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ սահմանազատման գործընթացը, որը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև մակարդակով, ոչ այլ ինչ է, քան կապիտուլյացիա։
«Ոչ մի սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չկա, կա կապիտուլյացիայի շարունակություն։ Ադրբեջանն ասում է՝ պետք է զիջեք, այս իշխանությունն էլ ասում է ճարներս ի՞նչ, պետք է զիջենք, որ կռիվ չլինի։ Ցանկացած բառարան բացեք, դա կապիտուլյացիայի սահմանումն է` դադարել պայքարել, որ ավելի վատ չլինի»,– ասել է նա։