22 Սեպ
2024
24.4° c ԵՐԵՎԱՆ
20.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված քաղաքացու դաժան ծեծը ցույց է տալիս վարչախմբի իրական դեմքը․ ՀՀԿ   

ՔՊ-ական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված քաղաքացու դաժան ծեծը ցույց է տալիս վարչախմբի իրական դեմքը․ ՀՀԿ  

 Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը ասված է ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ։

«ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։

​Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները։ Միջադեպը, երբ իշխող կուսակցության պատգամավորի հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդը դարձել է ոչ միայն այդ պատգամավորի ֆիզիկական բռնության, այլև իրավապահ մարմինների և գործող վարչախմբի բանդայի կողմից դաժան հետապնդման և խոշտանգման զոհ, պահանջում է անհապաղ և բազմակողմանի քննություն»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են լինել ժողովրդավարական հասարակության մեջ, սակայն դրան ի պատասխան պատգամավորը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել քաղաքացու դեմ, այլև իշխանության բարձր մակարդակում նրա գործողությունները հավանության են արժանացել»։

Կուսակցությունը դիմել է միջազգային կառույցներին՝ պահանջելով ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի աղետալի վատթարացմանը: