Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը Նիկոլ Փաշինյանի կողմից այս տարածքը Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է. Կարասին
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Интерфакс-ի հետ զրույցում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից այս տարածքը Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանական հետևանքն է։
«Կարծում եմ, որ դա միանգամայն տրամաբանական հետևանք է Հայաստանի ղեկավարի կողմից Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում ճանաչվելու»,- ասել է Կարասինը։
Նրա խոսքերով՝ այս պարագայում չես կարող «ստիպողաբար լավություն անել»։
«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բերանով Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ով հայտարարեց, որ դա Ադրբեջանի տարածքն է, մեր խաղաղապահների ներկայության հարցը լուծվել է Ադրբեջանի ղեկավարության հետ ուղիղ կապի միջոցով, որոշում է կայացվել աստիճանաբար դուրս բերել նրանց այնտեղից»,- նշեց Կարասինը։