25 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ  հանցագործություններ են․  «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժում

ՀՀ տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ հանցագործություններ են․ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժում

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժումը հայտարարություն է տարածել․

«Ապրիլի 17-ի առավոտյան  անակնկալ Ոսկեպար և Կիրանց գյուղեր է ժամանել Նիկոլ Փաշինյանը՝ փակ հանդիպում ունենալով գյուղերի բնակիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել փակ ձևաչափով` առանց հեռախոսների և լրատվության ներկայացուցիչների:

Պետության գոյությանը և ամբողջ հայությանն առնչվող այսպիսի կարևորագույն հարցերին այս ձևաչափով անդրադառնալն ինքնին մոլորեցնող է։

Ակնհայտ է, որ խնդիրը միայն Ոսկեպար, Բաղանիս և Կիրանց գյուղերի բնակիչներին չի վերաբերում։ Ռազմավարական տարածքների զիջման հարցը ողջ հայ ժողովրդի հարցն է։

Հետևաբար, վերահաստատում ենք․

  1. ՀՀ սահմանազատման և սահմանագծման հարցը չի կարող լուծվել միայն  Տավուշի մի քանի գյուղի բնակիչների համաձայնությամբ կամ անհամաձայնությամբ՝ այդպիսով պետության ողջ հետագա ճակատագրի և տարածքային ամբողջականության պատասխանատվությունը դնելով մեր հերոսական գյուղացիների ուսերին:

Հետևաբար, հարցի լուծումը միայն գյուղաբնակ հայրենակիցների դաշտ տեղափոխելը նշանակում է առկա իրավիճակի և հետագա գործողությունների ամբողջ մեղքը և պատասխանատվությունը պետության ղեկավարի ուսերից թոթափել և այն թողնել քաղաքացիների վրա։

  1. Հարցը գյուղաբնակ հայրենակիցների ուսերին թողնելը  սոցիալական իմաստով նաև նշանակում է ներքին երկպառակտություն, թշնամություն և ատելություն սերմանել գյուղացիների կյանքում, որոնք կարող են համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել տվյալ չափազանց կարևոր հարցի վերաբերյալ: Այսպիսով քայքայվելու է Տավուշի գյուղերում տիրող ներքին համերաշխությունը, որը  պահպանվել է հակառակ բոլոր ներքին և արտաքին դժվարությունների:

Հետևաբար, վերստին հայտարարում ենք, որ իշխող ուժի որդեգրած նման վարքագիծը դատապարտելի է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերը չեն կարող լուծվել Տավուշի գյուղերի մի քանի բնակիչների ջանքերով։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների և միջազգային պայմանագրերի սահմանած կարգերի համաձայն:  Այլ առաջարկներն ու գաղափարները ապօրինի են։

Հիշեցնում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ հանձնելը, իշխանության վերազանցությամբ ընդունված ապօրինի որոշումները պետության դեմ ուղղված ծանր հանցագործություններ են:

«Տավուշը Հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման խորհուրդ»։