ԱՄՆ նախագահի օգնականը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները
Ամերիկայի Միացյալ
Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի
նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում
հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների
դերը։ Այս մասին լրագրողների համար նախատեսված
առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի
(ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ անդրադարձ
է կատարվել նաև Պաղեստինի ազգային նորացված
վարչակազմին և նրա դերակատարությանը պաղեստինցիների ապագայի համար, ինչպես նաև լայն
կերպով քննարկվել է թե ինչպիսին կարող է լինել այն ու ինչպիսին պիտի լինի:
Հանդիպումից հետո Սպիտակ
տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ նախագահի օգնականը խորին ցավակցություն
է հայտնել հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։
Հաղորդագրության համաձայն՝ Սալիվանը քննարկել է Գազայի պաղեստինյան
բնակչությանը կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու
ԱՄՆ ջանքերը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու լրացուցիչ միջոցների կարևորությունը:
Սալիվանը ներկայացրել
է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն առ այն, թե ինչպես կարելի է Մերձավոր Արևելքը դարձնել
ավելի խաղաղ, ինտեգրված և բարգավաճ՝ երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման
վրա: