Մարդիկ պետք է գիտակցեն, որ սա ոչ թե տավուշցիների, այլ բոլորի խնդիրն է. Գեղամ Նազարյան
Քաղաքական բոլոր ուժերը պետք է ձևավորեն այնպիսի իշխանություն, որը կկարողանա երկիրը դնել նորմալ ռելսերի վրա, դուրս բերել տուրբուլենտության ահավոր վիճակից և տանել դեպի զարգացում. Կիրանցում ABC media-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, որոնք սիրում են Հայաստանը, հողն ու ջուրը, պետք է մտածեն այս իրավիճակից արագ դուրս գալու մասին»,֊ասել է նա:
Հարցին՝ կա՞ հնարավորություն կամ ծրագիր, որ նաև Հանրապետության մյուս հատվածներում երկարաժամկետ ակցիաներ կազմակերպվեն, Գեղամ Նազարյանը պատասխանել.
«Ես տեսնում եմ այդ պոտենցիալը, բայց թե դա երբ կլինի, ինչու, և ինչ գլոբալ խնդիր կմիավորի Հայաստանի բոլոր մարզերն, այս պահին դժվարանում եմ ասել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր կիրանցեցի, ոսկեպարցի, տավուշեցի մտածում է, որ սա այն հարցն է, որ պետք է միավորի ամբողջ Հայաստանը: Բայց եթե հաշվի ենք առնում 44-օրյա պատերազմից հետո ժողովրդի բարոյահոգեբանական վիճակը, պետք է հասկանանք՝ քաղաքական ուժերը լուրջ խնդիր ունեն լուծելու՝ մարդկանց այդ վիճակից դուրս բերելու համար, որ մարդիկ գիտակցեն՝ սա բոլորի խնդիրն է»: