Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․Կանադայի վարչապետ
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ոգեկոչման ուղերձ է հղել։
«Քսան տարի առաջ Կանադայի կառավարությունը միացավ միջազգային հանրության անդամներին՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանության պատմական և ողբերգական իրողությունը: Այս ճանաչումը խորը նշանակություն ունի շատ կանադացիների, մասնավորապես կանադահայերի համար։ Միասին մենք կապահովենք, որ տուժածների պատմությունը երբեք չմոռացվի։
Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս, այն մեզ հիշեցնում է անտարբերության հետևանքների մասին։ Մենք պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Մենք պետք է կանգնենք ընդդեմ ատելության՝ ի պաշտպանություն բազմազանության, ներառականության և մարդու իրավունքների. դա է մեր ընդհանուր, հավաքական պատասխանատվությունը:
Հայոց ցեղասպանության Հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է։ Բոլոր կանադացիները պետք է հետաքրքրվեն և իմանան այն իրադարձությունների մասին, որոնք այդքան զոհերի պատճառ դարձան։ Եկեք կառուցենք հասարակություն, որտեղ ամեն մեկն իրեն ապահով կզգա խտրականությունից և բռնությունից»,- ասված է ուղերձում։