Մարդիկ կաղում էին, չէին կարողանում քայլել․ Գառնիկ Դանիելյանը՝ Կիրանցում ոստիկանության գործողությունների մասին
Մարդիկ կաղում էին, չէին կարողանում քայլել։ ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը մանրամասներ է հայտնել առավոտյան Կիրանցից բերման ենթարկված մարդկանց մասին։ Այս պահին պատգամավորը գտնվում է Իջևանի ոստիկանական բաժանմունքի դիմաց, որտեղ տարել էին բերման ենթարկվածներին: Նրանց արդեն ազատ են արձակել: Այս մասին ABCmedia-ին հայտնում է Գառնիկ Դանիելյանը։
«Բոլորը պատասխան են տալու ամեն բանի համար, անչափահասին ծեծելու համար։ Հանցագործության մասին հաղորդում ենք տալու։ Ամեն օր էս մարդկանց ծեծում, ջարդում են, որ թուրքին բերեն իրենց տուն, բոլորը պատասխան են տալու սրա համար։ Ի՞նչ է նշանակում իր հողում կանգնած մարդուն, իր տան կողքին կանգնած մարդուն խոշտանգումների ենթարկել։ Ասում են՝ մուռն ենք հանում, այսքան ժամանակ, որ ձեր գյուղի համար կանգնած ենք եղել դրա մուռն ենք հանում»,-հայտարարել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր՝ վաղ առավոտյան, ոստիկանական մեծաքանակ ուժեր Կիրանցից ուժ գործադրելով բերման են ենթարկել 3 տասնյակից ավելի հերթապահող տղամարդու, որից հետո սկսվել են ականազերծման աշխատանքները։