ՄԱԿ-ում քննարկվել է Ադրբեջանի դեմ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումների իրականացման հարցը
ՄԱԿ և Անվտանգության խորհրդի անդամներին արդեն իսկ պետք է պարզ
լինի Ադրբեջանի կեցվածքը՝ որպես արդարադատության և օրենքի գերակայության պարբերաբար
ոտնահարող երկիր, ինչի վառ դրսևորվումն է նաև շրջափակված Արցախի բնակչության դեմ սեպտեմբերի
19-ին իրականացված լայնածավալ ռազմական հարձակումը. այս մասին Արդարադատության միջազգային
դատարանի զեկույցին նվիրված հանդիպմանը ասել
է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ
Մհեր Մարգարյանը։
Մարգարյանն ընդգծել է միջազգային իրավունքի առանցքային դերը խաղաղության
սպառնալիքներին դիմակայելու գործում և հիշեցրել Արդարադատության միջազգային դատարանում
ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո Ադրբեջանի
դեմ Հայաստանի կողմից ներկայացրած հայցը։
Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանը դիմել է Դատարանին՝ հայցելով
միջանկյալ միջոցներ կիրառել, որպեսզի հնարավոր լինի ապահովել Արցախից բռնի տեղահանված
բնակչության՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը։ Իր խոսքի վերջում
նա շեշտել է, որ ՄԱԿ-ը հատուկ պատասխանատվություն
է կրում միջազգային իրավունքի գերակայությունը և Արդարադատության միջազգային դատարանի
որոշումների իրականացումն ապահովելու համար։