Փաշինյանը, զոհաբերելով պետականությունը, քաղաքացիներին ստիպում է ռազմավարական նշանակության բնակավայրեր զիջել Ադրբեջանին. միջազգային մամուլն՝ ամփոփ
Միջազգային մամուլը շարունակում է ակտիվորեն անդրադառնալ հայ–ադրբեջանական սահմանի սահմանզատման գործընթացին, այդ համատեքստում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն ու Տավուշի ցույցերին։ Մասնավորապես EADaily կայքը գրել է, որ Երևանում իշխանության ղեկին են ԱՄՆ–ի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի շահերի գործակալները։
«Կատարելով այս խաղացողների ցուցումները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստ է զոհաբերել Հայաստանի պետականությունը՝ միայն տարածաշրջանում Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին վնաս հասցնելու համար։ Իսկ ահա Տավուշի մարզում բողոքի ակցիաների մասնակիցները, որոնց թվում կան Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, կողմ են Հայաստանի պետականության պահպանմանը և չեն պաշտպանում պաշտոնական Երևանի հակառուսական կուրսը», – գրել է կայքը։ Ընդգծվել է, որ Փաշինյանի կողմնակիցներն ուժի կիրառման միջոցով փորձում են ստիպել սեփական քաղաքացիներին տարածքները տալ Ադրբեջանին։ Այսինքն՝ չնայած երաշխիքների բացակայությանը, Փաշինյանի կողմնակիցները պատրաստվում են գնալ տարածքային զիջումների։
Euractiv պարբերականն, իր հերթին, անդրադարձել է ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ալմա Աթայում կայանալիք հանդիպանը։ Նշվել է, որ Հայաստանը համաձայնել է Ադրբեջանին վերադարձնել 1990-ականների սկզբից իր վերահսկողության տակ գտնվող չորս լքված գյուղերը: «Թեև ամայացած՝ բնակավայրերը ռազմավարական նշանակություն ունեն, քանի որ մոտ են Հայաստանը և Վրաստանը կապող գլխավոր մայրուղուն և խողովակաշարին, որով ՀՀ–ն գազ է ստանում Ռուսաստանից։ Ադրբեջանը պահանջում է վերադարձնել այս գյուղերը՝ որպես խաղաղության գրավական, մինչդեռ հակամարտությունը շարունակվել է ավելի քան երեք տասնամյակ՝ արժեզրկելով տասնյակ հազարավոր կյանքեր», – գրել է պարբերականը՝ հավելելով, որ սահմանամերձ գյուղերի բնակիչները մտահոգված են։ Խորհրդային ժամանակաշրջանի կոնֆիգուրացիայի համաձայն՝ սահմանազատումը կարող է զրկել իրենց գյուղատնտեսական հողերից՝ դժվարացնելով հաղորդակցությունը երկրի մնացած հատվածի հետ, քանի որ միակ ճանապարհի որոշ հատվածներ կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մինչդեռ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով փոխնախագահ Անդրեյ Կլիմովը NEWS.ru–ի հետ զրույցում շեշտել է, որ մայիսի 7-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը չգալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությունը չի զարդարում երկու երկրների հարաբերությունները Նրա կարծիքով՝ սա հայ քաղաքական գործչի գիտակցված ընտրությունն է։ Սենատորը վստահ է, որ Փաշինյանը որոշում կայացնելիս խորհրդակցել է Ռուսաստանի համար ոչ բարեկամական պետություններից իր դաշնակիցների հետ։ «Եթե Փաշինյանը շարունակի խորհրդակցել այդ պետությունների հետ, ապա ռուս–հայկական հարաբերությունները հաստատ չեն բարելավվի»,- եզրափակել է Կլիմովը։