
Պահանջում ենք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և հիշել՝ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական Եկեղեցին. հայտարարություն
Մի քանի կազմակերպություն հայտարարություն է տարածել՝ հայտարարելով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը միանալու մասին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը վերածվել է համահայկական շարժման:
Այն վեր է քաղաքական-կուսակցական նկրտումներից և ունի բացառապես ազգային բնույթ:
Ուժային կառույցներից պահանջում ենք ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակն ու հիշել՝ շարժումն առաջնորդում է Հայ Առաքելական եկեղեցին
Իշխող քաղաքական ուժը, առանց քննարկումների և ժողովրդի կամքը հաշվի առնելու, իրավասու չէ համազգային խնդիրներն այս կերպ լուծելու:
Հայաստանը բոլորիս Հայրենիքն է, հետևաբար պատասխանատու ենք բոլորս:
Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես հայրենիքի զինվորներ, հայտարարում ենք, որ ոչ միայն սատարում ենք «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը, այլև կանգնում ենք շարժման շարքերում:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, հատկապես ծառայակից գործընկերներին, մայիսի 9-ին, հանուն Հայրենիքի փրկության, ներկա գտնվել Հանրապետության հրապարակում և դառնալ համազգային շարժման մասնակիցը:
Հայաստանի ուժային կառույցներից պահանջում ենք ողջամիտ լինել, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը, հիշել, որ շարժումը առաջնորդում է Հայ Առաքելական Եկեղեցին, հանձինս՝ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստյանի:
Միաժամանակ պահանջում ենք ՀՀ իշխանություններց և ուժային կառույցներից զերծ մնալ բռնություններից և չօգտագործել ճնշման գործելաոճ:
Մի՛ գնացեք հանցավոր հրամանների կատարման ճանապարհով:
Սիրելի հայրենակիցներ.
Սա Ավարայրի, Սարդարապատի, Բաշ Ապարանի ճակատամարտն է:
Միասնական ուժերով փրկենք երկիրը ու կերտենք մեր ապագան:
- «Պահեստազորի» սպաների շարժում
- «Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների միություն
- «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
- «Սիսական» ջոկատ
- «Ձայն Հայրենյաց» մտավորականների նախաձեռնություն
- Վիտալի Բալասանյանի գրասենյակ
- «Վերադարձ» հիմնադրամ
- «Ազգային գվարդիա»
Հայտարարությունը բաց է բոլոր միացողների համար:
Կարող են միանալ և՛ անհատները, և՛ կազմակերպությունները: