26 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի իշխանությունների ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակը աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի իշխանությունների ստոր քաղաքականության գինը վճարում է հայ ժողովուրդը․ Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակը աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը

Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենյակի հայտարարությունը․

«Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը, բովանդակ հայ ժողովուրդը կրկին հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին, նրան հարվածում են դրսից՝ նրա արտաքին թշնամիները, նրան ջլատում են ներսից՝ օտարների կարգին լծված և Հայաստանի իշխանության աթոռներին բազմած ապիկար իշխանավորները:

Արցախը կործանելուց և հայաթափելուց հեո, այժմ սկսվել է Հայաստանի Հանրապետութիւնը բզկտելու ընթացքը: Հայաստանի և Ադրբեջանի միջև իբր «օրինական ու իրավական» սահմաններ գծելու բանակցություններ են տեղի ունենում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տառին ու ոգուն, միջազգային բոլոր օրենքներին և հիմունքներին հակասող եղանակով, Ադրբեջանի և Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների և ուժի սպառնալիքների ներքո, ինչին համաձայնվել են ՀՀ գործող իշխանութիւնները. նրանք անտեսելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անվտանգության բոլոր նախադրյալներն ու հիմունքները, մեր ազգաբնակչության կենսական պահանջներն ու ազգային-պետական շահերը, ցավոք որոշել են գնալ մինչև վերջ նահանջելու պարտվողական քաղաքականությամբ ու գործողութիւններով, խորտակել մեր ժողովրդի դիմադրության բոլոր սյուները, Սահմանադրությունը, պետական համակարգը, բանակը, դիվանագիտությունը:

 

Հայաստանի իշխանությունները առաջնահերթ են դասել իրենց անձնական ու նեղխմբակային շահերն ու օտար՝ մեծապետական ուժերի աշխարհաքաղաքական նպատակներն ու նրանց միջոցով ուղղակիօրէն ֆինանսավորւող ծրագրերը, որոնք խոստանում են կեղծ խաղաղություն, առանց որևէ անվտանգային միջազգային երաշխիքի, որի մասին խոստովանում են հենց իրենք:

Այս ստոր քաղաքականութեան իրական գինը վճարում է հայ ժողովուրդը՝ կանգնած պետականության կորստի սպառնալիքի, հայրենի տնից տարագրվելու ու կրկին ցեղասպանության ենթարկվելու ողբերգական հեռանկարի առջև:

Ի տես այս ցավալի հեռանկարի մեր ժողովուրդը փորձում է ելք գտնել՝ կասեցնելու այս կործանարար ընթացքը: Այս անգամ իր որոշիչ խոսքն է բարձրաձայնել Հայոց Առաքելական Եկեղեցին, իր նվիրյալ սպասավորների միջոցով և արթուն կեցւածքով, որի շուրջ համախմբումի աննախընթաց օղակ է ձևավորվել: Մեր եկեղեցու՝ շուրջ երկուհազարամյա ճանապարհը ազգային և հոգևոր ծառայություն է, մեր ինքնության անբաժանելի մասը։

Ականջալուր հայրենի Տաւվուշից սկիզբ առած, Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում ծավալվող և դէպի հայության մայրաքաղաք Երևան ուղևորվող ժողովրդային շարժման խորհրդին, մեր զորակցությունն ու աջակցութիւնն ենք յայտնում Հայաստանի ինքնիշխանության, հողային ամբողջականության ու անվտանգ սահմանների պահպանման պայքարին, որը Տաւվուշի թեմի առաջնորդ և շարժումն առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանի միջոցով իրավամբ բնութագրվել է՝ երթ ճշմարտության և հասարակական լայն հաշտության համար՝ Հանուն Հայրենիքի և պատվի»: