22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
3.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գրականության դերն աշակերտի կյանքում հաստատուն դարձնելու համար այն հետաքրքիր մատուցել է պետք․ նոր դասագրքի համահեղինակ

Գրականության դերն աշակերտի կյանքում հաստատուն դարձնելու համար այն հետաքրքիր մատուցել է պետք․ նոր դասագրքի համահեղինակ

Նոր դասագրքերի շուրջ ստեղծված աղմուկի հետքերով՝  ABC Media-ն զրուցել է ավագ դպրոցի «Հայ գրականություն
– 10» դասագրքի համահեղինակ Ալբերտ Մակարյանի հետ։ Մակարյանը նշում է, որ ինքը, որպես
հեղինակ, արել է հնարավորը, որ գրականության դերն ու կարևորությունը աշակերտի կյանքում
լինեն հաստատուն, միաժամանակ փորձել է ավելի հետաքրքիր եղանակով ներկայացնել դասագրքի
նյութերը։

«Գիրքը գրելիս ես հնարավորինս ձգտել եմ պահպանել և բացահայտել հայ
գրականության հայրենասիրական ու մարդասիրական ոգին։ Աբովյանին մեկնաբանելիս աշխատել
եմ հավատարիմ մնալ «Վերք Հայաստանի» վեպի բնագրին։ Այն պատմական ժամանակաշրջանում,
երբ գրվում էր վեպը, Ռուսաստանի դերը մեր ժողովրդի կյանքում շատ մեծ էր։ Սակայն Ռուսաստանն
Աբովյանի համար երբեք չի եղել նպատակ, այլ եղել է միջոց՝ հայ ժողովրդի իղձերն ու դարավոր
ցանկությունները իրագործելու համար։ Դասագիրքը պետք է աշակերտին ուղղորդի՝ ճիշտ հասկանալու
համար Աբովյանի երկի հիմնական գաղափարը»։ 

Մակարյանը նաև հռետորական
հարց է հնչեցնում՝ «Իսկ ո՞րն է, ի վերջո, «Վերք Հայաստանի» վեպի բանալին», և ավելացնում.
«Աբովյանը գրում է․ «Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ, ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին
փոքր դինջանաս ու քո աշխարհքին մուղայիք կենաս (այսինքն՝ զգույշ լինես), արյունդ թափես,
քո ազգը պահես, քեզ անուն ճարես»։ Սա հեռանկար է, անկախ Հայաստանի մասին երազանք, իսկ
այդ անկախությանը հասնելու համար պիտի նվաճել այդ ազատությունը. այն չի շնորհվում»։

Հեղինակի խոսքով՝ նույնը
վերաբերում է նաև Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» պատմավեպին։ Վեպը վերլուծելիս առաջին
անգամ մեծ ուշադրություն ենք դարձրել հեղինակի կենսագրությանն ու ապրած անհատական դրամային։
Աշակերտը պետք է իմանա նրա դժբախտ ամուսնության, կնոջ անհավատարմության և պատմավեպում
այդ ամենի արձագանքի մասին»,- նշեց Մակարյանը։

Գրականագետի պնդմամբ՝ եթե
դասագրքի հեղինակն այդ ամենը չներկայացնի աշակերտին, դժվար թե վերջինս ճիշտ հասկանա
պատմավեպը։ «Մեկ էլ տեսնում ես՝ տասը տարի առաջ կնոջն ուղղված նամակի մի տողը եկավ,
տեղ գտավ վեպում։ Աշակերտները և ուսանողները հաճախ հարցնում են. եթե Մուրացանը ռոմանտիկ
հեղինակ է, ապա յուրաքանչյուր դեպքում պետք է հայրենիքի շահը վեր դասվի անձնականից,
իսկ ինչո՞ւ «կուրացած սրտով» Ցլիկ Ամրամը հողերը փոխեց աբխազների հետ ու հեռացավ․ այդտեղ
հակասություն չկա՞։ Իրականում Մուրացանը ճշմարիտ կերպար է ստեղծել, քանի որ, իսկապես,
եթե կույր աչքը կարող է ներել՝ ի դեմս Սահակ Սևադայի, ապա կույր սիրտը՝ երբեք»,- նշում
է գրքի հեղինակն ու մեջբերում Ցլիկ Ամրամի խոսքերը․ «Հանեցե՛ք և իմ զույգ աչքերը, խլեցե՛ք
ամեն ինչ՝ հարստությունս, կալվածքներս, բայց վերադարձրե՛ք ինձ իմ պատիվը, իմ Ասպրամին»։