26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բերման ենթարկեցին անգամ ոստիկանների պահանջը կատարելուց հետո՝ մայթին կանգնած ժամանակ. Մենուա Սողոմոնյան

Բերման ենթարկեցին անգամ ոստիկանների պահանջը կատարելուց հետո՝ մայթին կանգնած ժամանակ. Մենուա Սողոմոնյան

Պարտավորված զգացի երիտասարդների կազմակերպած խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցելը, որոնց շարքում ուսանողներ էլ կային։ Բացի երիտասարդների կողքին կանգնելու ցանկությունից՝ լսել եմ Բագրատ Սրբազանի կոչը՝ անհնազանդության ակցիաներ անելու. ABC media-ի հետ զրույցում ասել է «Հայաքվե» նախաձեռնության անդամ, դասախոս Մենուա Սողոմոնյանը, որը երեկ բերման ենթարկվածների թվում էր։

«Մեր ակցիան Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանի մոտ էր, երիտասարդները սուրճ էին բաժանում հասարակական տրանսպորտի ուղևորներին, մյուս բնակիչներին, վարորդներին։ Ոստիկանությունը պահանջ հնչեցրեց, 3 րոպե ժամանակ տվեցին, այդ 3 րոպեն դեռ չլրացած՝ հրելով տարան մասնակիցներին։ Մենք էլ կանգնեցինք մայթերին, ճանապարհը բաց էր, երթևեկությունն ընթանում էր։ Մենք մայթի վրա կանգնած զրուցում էինք, եկան, սկսեցին բերման ենթարկել։ Հարցնում եմ՝ ինչու՞, ես մայթի վրա եմ, ասում է՝ մի քիչ առաջ փողոցում էիք։ Ասեցի՝ այդ ժամանակ պահանջ հնչեցրիք, ես կատարեցի պահանջը, բայց ինձ բերման ենթարկեցին»,-պատմել է Մենուա Սողոմոնյանը։

Քաղաքագետն ասում է, որ կարմիրբերետավորների մեջ կա մի գիծ՝ անկրթության մակարդակը բավականին շատ է նրանց մեջ։

«Մարդու հետ խոսելու, շփվելու տոն, տակտ բացակայում է, մինչև աշակերտի նման նկատողություն չես անում, չեն կարողանում իրենց հավաքել։ Ինձ 3 ժամ պահեցին, հասկանալի է՝ ձգձգում էին ժամանակը, որ մարդիկ երկար մնան բաժիններում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ մարդիկ իրենց «կոմֆորտ զոնայից» դուրս են գալիս, կենցաղային հարցերը չեն լուծում,․ ակցիաներ են անում, որ ունենանք պետություն, հայրենիք, որպեսզի մեր երեխաները գլուխները բարձր ապրեն։

«Մենք մեզ մի քիչ նեղություն ենք տալիս, այստեղ զոհվածների ծնողներն էին կանգնած, որոնց երեխաներն այդ արժեքների համար իրենց կյանքն են տվել։ Մենք մեր կոմֆորտից զրկում ենք մեզ, բայց դրանից ոչ սոված ենք մնում, ոչ հիվանդանում ենք, ոչ էլ մեռնում ենք, այնպես որ, հանուն հայրենիքի պետք է դուրս գալ բոլոր գործընթացներին»,-եզրափակել է Մենուա Սողոմոնյանը։