Ես այլևս Ազատություն ռադիոկայանին հարցազրույց չեմ տալու․ Արտակ Բեգլարյան
Ես առ այսօր ոչ մի լրատվամիջոցի
չեմ բոյկոտել, քանի որ համարել եմ, որ ցանկացած խողովակ կարևոր է տեղ հասցնելու քո
ասելիքը և Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի
նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես այլևս Ազատություն ռադիոկայանին հարցազրույց չեմ տալու, քանի
դեռ այս լրատվամիջոցը չի պահում էթիկայի ու պրոֆեսիոնալիզմի կանոնները, հատկապես՝
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի շրջանակներում։
Երեկ հերթական անգամ հարցազրույց տվեցի Ազատություն ռադիոկայանի
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարին: Հերթական անգամ Հրայր Թամրազյանը
հանդես էր գալիս իր քարոզչական օրակարգով ու հարցադրումներով՝ փորձելով ինձ դարձնել
այդ օրակարգի գործիք: Ես էլ, ինչպես միշտ, փորձում եմ իմ կարողությունների ու օբյեկտիվ
սահմանափակությունների շրջանակներում պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել մոտեցումներս
ու փաստարկներս: Ի լրումն Թամրազյանի քարոզչական ու երբեմն վտանգավոր հարցերի ու թեզերի,
որոնք հնարավորինս չեզոքացնում եմ ինձ տրված խիստ սուղ ժամանակահատվածում, երկու այլ
երևույթներ ինձ ստիպեցին որոշում կայացնել այսուհետ մերժելու Ազատություն ռադիոկայանին
հարցազրույց տալու հրավերները, քանի դեռ այդ խնդիրները չեն վերացել, մասնավորապես՝
1. Ե՛վ երեկվա, և՛ սեպտեմբերի 10-ի իմ հարցազրույցները մոնտաժվել
են՝ առանց իմ համաձայնության ու իմացության օրիգինալ հարցազրույցից հանելով կարևոր
հատվածներ: Հետաքրքրականն այն է, որ, որպես կանոն, հեռացված հատվածներում ես կարևոր
փաստեր ու փաստարկներ եմ հնչեցրել՝ չեզոքացնելով Թամրազյանի թեզերը և, ժողովրդական
լեզվով ասած, լրջորեն նեղը գցելով նրան: Ես իրավունք ունե՞մ եզրահանգելու, որ Թամրազյանը
ոչ էթիկական ու ոչ պրոֆեսիոնալ գրաքննություն է իրականացնում, որպեսզի կարողանա սպասարկել
իր քարոզչական օրակարգը և լսարանի առջև թույլ դիրքերից հանդես չգալ: Լրատվամիջոցը պետք
է կա՛մ ամբողջությամբ հրապարակեր հարցազրույցներս գոնե համացանցում, կա՛մ ինձ հետ նախօրոք
համաձայնեցներ մոնտաժի մանրամասները: Ուստի, քանի դեռ ներողություն չեն հայցել այս
մոտեցման համար և այն կարգավորելու պարտավորություն չեն ստանձնել, ես նրանց հարցազրույց
չեմ տալու:
2. Որպես Թամրազյանի քարոզչական օրակարգի հետևանք՝ յութուբում և
ֆեյսբուքում մեծաքանակ մեկնաբանություններ են հայտնվում, որոնք պարունակում են կոպտագույն
անձնական վիրավորանքներ իմ հանդեպ և ներազգային ատելություն արցախցիների հանդեպ: Ակնհայտ
է, որ այդ մեկնաբանությունները կազմակերպված են ու հասնում են արտադրական մասշտաբների,
որոնք կատարվում են գլխավորապես կեղծ օգտատերերի կողմից: Ազատություն ռադիոկայանը խթանում
է նման ապօրինի ու ոչ էթիկական վարքը, քանի որ ո՛չ արգելափակում է այդ օգտատերերին,
ո՛չ էլ հեռացնում է մեկնաբանությունները: Ուստի, ակնկալում եմ, որ կարճ ժամկետում լրատվամիջոցը
կհեռացնի վիրավորանք ու ներազգային ատելություն պարունակող մեկնաբանությունները և կարգելափակի
դրանց հեղինակներին՝ պարտավորություն ստանձնելով, որ այսուհետ հետևողական կլինի այդ
հարցում ևս:
Ահա վերջին հարցազրույցիս հղումները, որտեղ կարելի է տեսնել նաև
մեկնաբանությունները՝
• Ֆեյսբուքում՝ այստեղ։
• Յութուբում՝ այստեղ։
Ես առ այսօր ոչ մի լրատվամիջոցի չեմ բոյկոտել, քանի որ համարել
եմ, որ ցանկացած խողովակ կարևոր է տեղ հասցնելու քո ասելիքը և Արցախի ժողովրդի շահերն
ու իրավունքները: Կարծում եմ՝ նույնիսկ նշածս պայմաններում ինձ հաջողվել է հիմնավոր
ու պրոֆեսիոնալ կերպով ներկայացնել ասելիքս և չտրվել էժանագին մոտեցումների: Այնուամենայնիվ,
ինձ համար կարևոր է լրատվամիջոցի և լրագրողի էթիկան, ազնվությունն ու պրոֆեսիոնալիզմը,
նույնիսկ եթե մեր միջև առկա են սկզբունքային գաղափարական տարաձայնություններ:
Հանուն արդարության պետք է նշեմ, որ Ազատություն ռադիոկայանի լրատվական
հատվածը տևական ժամանակ մեծ ու պրոֆեսիոնալ ուշադրության տակ է պահում Արցախն ու արցախցիներին՝
կարևոր ու սրտացավ լուսաբանում իրականացնելով: Գոնե ես երկար ժամանակ խնդրահարույց
լուսաբանում չեմ նկատել նրանց կողմից: Սակայն այդ ամենը ստվերվում է վերոնշյալ խնդիրների
ազդեցությամբ, և եթե լրատվամիջոցի ղեկավարությանն ու թիմին հուզում է իրենց հեղինակությունը,
ապա պետք է կարգավորեն նաև այդ խնդիրները»,- գրել է Բեգլարյանը։