27 Դեկ
2024
0.5° c ԵՐԵՎԱՆ
0.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայրենիքն այժմ կարծես հիվանդ ծնող լինի, ում միայնակ թողնել ազգովի իրավունք չունենք

Հայրենիքն այժմ կարծես հիվանդ ծնող լինի, ում միայնակ թողնել ազգովի իրավունք չունենք

ABC ինտերվյուի հյուրը Ինգա Արշակյանն է։ Երգչուհի կարծում է, որ թեև երկրում անկայուն իրավիճակ է, ինքը վստահ է, որ ճիշտ ժամանակին է Հայաստան վերադարձել․․․Հայրենիքն այժմ կարծես հիվանդ ծնող լինի ում միայնակ թողնել ազգովի իրավունք չունենք։ Ինգան վստահ է, մենք չենք պարտվի, քանի մեր միտքն ու հոգին պարտված չեն․․․

Երգչուհին հայրենիք է վերդարձել բազմաթիվ ծրագրերով և բեմն ու երգը կարոտած։ Ինգայի կարծիքով հայ երգի հանրայնացման գործիքակազմը շատ է, պարզապես պետք է դրանցից ճիշտ օգտվել իմանալ։

-Ինգա ի՞նչ երգեր կերգեիք այսօրվա Հայաստանում․ արթնացնո՞ղ որևէ բան, Հայաստանի՞ մասին որևէ երգ, թե՞ ուրիշ թեմատիկա կընտրեիք։

-Այն, ինչ երգել ենք միշտ, ոչինչ չի փոխվել․ մեր պապերի երգը, որովհետև ոչ մի բան նոր չի հորինվում ի վերջո։ Երգի մեջ նույնիսկ չենք կարող վարդագույն ակնոց դնել և ասել ամեն ինչ լավ է։  Իհարկե, դարդի մեջ էլ անվերջ մնալ չի կարելի, պետք է գլուխը բարձրացնել։  Զարմանալի է, նույնիսկ մեր օրորներում էր երգվում ցավը, պատերազմը․ երգեր կան, որ ռազմի դաշտի են պատրաստում տղամարդուն։ Նույնիսկ աշխատանքային, հաց թխելու երգերի մեջ կա խնդիր, ցավ։ Դա մեր պատմության մեջ է, հիմա էլ իրականում ոչինչ չի փոխվել, մարդկային արժեքներն էլ են նույնը մնացել։ Այո՛, պետք է լինեն նաև Հայրենիքի մասին երգեր, արթնացնող երգեր, ոգեշնչող երգեր, այո՛, ցավ պատմող երգեր, սեր տարածող երգեր։ Պետք է երգել այն, ինչ հարստացնում է մարդու հոգին, ոչ թե դատարկում, դարձնում անտարբեր։ Անտարբերությունը հիմա մի քիչ շատ է, և դրա պատճառը կարծում եմ՝  սուտ արժեքների տարածումն է։

-Այսօր, կարծես, ճաշակի կտրուկ անկում է նկատվում, ի՞նչ անենք, որ այսօր հայ երգը՝ հոգևոր, ժողովրդական ավելի շատ տարածում գտնի։ Գուցե պետք է ժամանկակից գործիքավորմամբ, կամ իմպրովիզների միջոցով ներկայացնել, թե՞ պարզապես պետք է շատ երգել։

-Այն, ինչ անում է ստեղծագործող մարդը, գործի մի մասն է։ Հարկավոր են ֆինանսներ և թիմ, որոնք կկարողանան դա տարածել։ Ի վերջո՝ տարածում են գտնում այն նյութերը՝ կլինի արժեքավո՞ր, թե՞ ոչ, որոնց վրա գումար է ներդրվում։ Օրինակ՝ ես կարծում եմ,  որ եթե մեկը որևէ արժեքավոր բան է գտնում, չպետք է զլանա տարածել այն։ Տարածի՛ր, որ հարևանիդ երեխան տեսնի, բարեկամդ տեսնի, անծանոթը տեսնի։ Եթե այն արժեքավոր է, և քո հոգին հարստացնում ու հուզում է՝ տարածիր այն։ Որպեսզի այն էմոցիան, որ դու ես զգում, դիմացինդ էլ զգա, ուժ ստանա։ Ինչո՞ւ ենք ասում խմբակային աղոթքը ավելի մեծ ուժ ունի, որովհետև մենք աղոթում ենք նույն խնդրի համար և այն տեղ է հասնում։ Ինչ վերաբերվում է գործիքավորմանը, համաձայն եմ, գուցե ժամանակակից գործիքավորումն էլ օգնի տարածմանը։ Դու չես կարող օտարիին զարմացնել ջազով, բայց ֆոլք-ջազ մշակմամբ ՝ այո՛, կարող ես, ֆոլք-ռոք մշակմամբ էլ ես կարող, դա իսկապես զարմացնում օտարին։ Չէ՞ որ մենք էլ, երբ գնում ենք արտերկիր, իրենց երաժշտությունն ենք ուզում լսել։

-Ձեզ հետ շփվելիս այնպիսի տպավորություն է, որ Դուք շատ հաշտ եք ինքներդ Ձեզ հետ, Ձեր մեջ այնպիսի ներդաշնակություն և հանգստություն կա, որ տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ ոչինչ չի անհանգստացնում։ Դա իրո՞ք այդպես է, խաղա՞ղ է Ձեր ներսը, թե՞ ինչ-որ բան, այնուամենայնիվ, անհանգստացնում է։

-Մտերիմներիս և հարազատներիս կողքին ես ինձ լավ եմ զգում, շատ խաղաղված եմ։ Լավ եմ զգում նաև, որովհետև հայրենի հողի վրա եմ, բայց կան անհանգստացնող հանգամանքներ, որոնք հուզում են բոլորիս։ Ես այս ժողովրդի և երկրի մի մասնիկն եմ, բնականաբար, այն ինչ ցավեցնում է բոլորին, ինձ էլ է մեծ ցավ պատճառում։

Իսկ այդպիսի րոպեներին չե՞ք ափսոսում, որ Հայաստան եք եկել Միացյալ Նահանգներից։ Հիմա այստեղ և՛ արտաքին վտանգներ կան, և՛ ներքին որոշակի անկայունություն։

Հակառակը հենց այս պահին է պետք, որ երկրիդ կողքին լինես։ Եթե հարազատդ լավ չէ, վատ է, պետք է այդ պահին կողքին լինես։ Ինչպե՞ս կարող ես հասկանալ՝ ով է քո մտերիմը, հարազատը։ Դա զգացվում է այն պահին, երբ քո համար ծանր իրավիճակ է։ Որքան շատ մեր հայրենակիցներից այստեղ լինեն, այնքան մենք ամուր կլինենք, մեր ցավը կիսող կլինի։ Ուզում եմ ասել, որ սփյուռքի հայերը շատ-շատ մեծ դեր ունեն և այն օգնությունը, որ իրենք ցուցաբերում են այնտեղից, գուցե այստեղ չկարողանային անել։ Մենք, երևի թե, չունենայինք Ազնավուր, եթե  ինքն այնտեղ չլիներ, գուցե շատ անվանի ճարտարապետներ և բժիշկներ չունենայինք, եթե նրանք չկայանային օտար հողում։ Պետք լինեն նաև մարդիկ, ովքեր դրսից կկարողանան ձեռք մեկնել և օգնել, ինչպես նաև մարդիկ, որոնք այստեղ մեջքը ամուր կպահեն։

-Միացյալ Նահանգներում ապրելու տարիներին սրտացավություն նկատեցի՞ք Հայրենիքի նկատմամբ։ Այստեղի խնդիրները մեր հայրենակիցներին որքանո՞վ են հուզում։

-Հայի ոգին որևէ տեղ չի փոխվում։ Մենք միմյանց, անշուշտ, սատարում ենք, և եթե չլինի հայ համայնքը այնտեղի հայը շատ միայնակ կզգա իրեն։ Այնտեղի հոգսերը մի փոքր այլ են և մարդիկ գուցե ավելի միայնակ են իրենց զգում։ Օտար երկրներում մարդիկ հաճախ են դիմում հոգեբաններին, որովհետև իրենց միայնակ են զգում, իսկ հայերը մեկը մյուսի կողքին կանգնած են՝ կլինի բարեկամ, ընկեր, թե օտար։ Շատ է եղել շրջագայել ենք օտար երկրներում և մեր հայրենակիցներին ենք հանդիպել։ Մի անգամ Փարիզի մետրոյում ես ու քույրս հայերեն էինք խոսում, մեկը լսեց ու բացականչեց․ «Աման հաճիս, հա՞յ եք, ինչ լավ է՝ ես հայերեն լսեցի, քիչ մը սպասեք, զրուցենք»։ Ծանր աշխատանք է հատկապես դրսում երեխաներին հայեցի կրթելը։ Մերոնք ուր էլ գնում են, փոքրիկ Հայաստան են ստեղծում և դա շատ կարևոր է։

-Իսկ այնտեղ գիտակցությունը, որ հեռվում ունես Հայրենիք՝ թեկուզ փոքր, բազմաթիվ  խնդիրներով ծանրաբեռնված, մի շարք մարտահրավերներին դիմակայող, բայց Հայրենիք․․․ այդ գիտակցությունը ու՞ժ է տալիս, թե՞ թուլացնում։

-Մեծամասնությունը այստեղ, և դա գաղտնիք չէ, հույսները կորցրել են,  որովհետև տեսել են պատերազմ, տեսել են հայրենազրկում, և դրանից հետո նույնիսկ մտքով, հոգով ոտքի են կանգնել․․․Մենք չենք պարտվի, քանի դեռ մեր միտքը և հոգին պարտված չեն։ Գուցե և հողեր են հանձնվել, գուցե և մեր հայրենակիցները տեղափոխվել են Արցախից Հայաստան, և այո, շատ դժվար է այդ մասին խոսել, բայց մենք շատ զոհեր ունեցանք՝ երիտասարդների մի սերունդ գնաց։ Բոլորս ենք այդ ցավը ապրում, բայց պետք է գիտակցենք, որ ունենք մատաղ սերունդ, որ պետք է մեծանա և պետք է մեր ապագան լինի։ Պետք է գիակցենք, որ չենք կարող իրենց կոտրել։ Ես ամենևին չեմ ուզում իմ գաղափարները պարտադրել մյուսներին, բայց կարծում եմ, եթե քո տունը անտեր թողնես, ով ուզում է լինի՝ կգա կտիրանա։ Եթե մայրդ հիվանդ է, Հայրենիքդ հիվանդ է, պետք է կողքին լինես։ Հայրենիքը քո տունն է, քո տեղն է, քո հայրն է, քո մայրն է, քո ծնողն է։ Շատ եմ կարևորում այստեղ լինելը և ուզում եմ՝ երեխաներս այս հողով, ջրով, օդով, այստեղի շփումով՝ այս ամենով մեծանան․․․

Զրուցեց՝ Լենա Գևորգյանը