Երևանը և Բաքուն պետք է որոշեն՝ որքանով է պահանջված ԵԱՀԿ գործունեությունը ներկայիս պայմաններում․ ՌԴ ներկայացուցիչ
ԵԱՀԿ–ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ТАСС-ի հետ զրույցում նշել է, որ կազմակերպության դերը Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում զգալիորեն կրճատվել է Վաշինգտոնի և Փարիզի ջանքերով, որոնք 2022 թվականին հրաժարվել են իրենց մասնակցությունից։
«Այժմ, երբ իրավիճակը «տեղում» կտրուկ փոխվել է, և Հայաստանն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, ԵԱՀԿ–ն փորձում է ինտեգրվել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Թե որքանով է դա պահանջված, պետք է որոշեն Բաքուն և Երևանը։ Ռուսաստանը, որը, հիշեցնեմ, դադարեցրեց արյունահեղությունը 2020 թվականին, երբեք չի դադարել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ փոխզիջումներ գտնելու հարցում և շարունակելու է դա անել», – նշել է պաշտոնյան։