24 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահը դատապարտվել է 42 տարվա ազատազրկման

Թուրքիայում Իզմիրի նահանգապետարանը 4 օրով արգելել է ցույցերի ու բողոքի ակցիաների անցկացումը․ տեղեկացնում է TRT haber-ը։

Որոշումը կապված է հանրության շրջանում հայտնի «Քոբանիի դատավարություն» անունով դատական գործի հետ, որի շրջանակներում մայիսի 16-ին կայացած դատական լսումներին մի շարք անձանց ազատազրկելու մասին որոշումներ են կայացվել:

Ազատազրկվածների թվում է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ, ընդդիմադիր գործիչ, 2014 թվականին Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը, որը  դատապարտվել է 42 տարվա ազատազրկման:

Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվը 18-ն է, իսկ դատավարությամբ անցնողներինը 108-ը:

Սիրիական Քոբանի քաղաքի ուղղությամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված հարձակումների դեմ իրենց բողոքն արտահայտելու համար 2014-ի հոկտեմբերի 6-ից 8-ը Թուրքիայում ցույցեր էին անցկացվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել էին մեծ թվով մարդիկ, այդ թվում նաև՝ քաղաքական գործիչներ: