Թուրքիան ամբողջությամբ դադարեցրել է առևտուրն Իսրայելի հետ
Թուրքիայի առևտրի նախարարության ղեկավար Օմեր Բոլաթը հաստատել է, որ իր երկրի առևտուրն Իսրայելի հետ ամբողջությամբ դադարեցվել է մայիսի 2-ից։
«Իսրայելի հետ արտահանման-ներմուծման գործարքներն ամբողջությամբ դադարեցվել են մայիսի 2-ից: Այս գործընթացները դադարեցվում են Իսրայելի կողմից Գազայում կրակի դադարեցման պահանջը չկատարելու համար։ Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է և հայտնի»,- ասել է նա։
Բոլաթն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի հետ առևտուրը դադարեցնելու թուրքական կառավարության որոշումը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները Գազայի վրա, չապահովի մշտական հրադադար և ապահովի մարդասիրական օգնության անխափան առաքումը Գազայի հատված։
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են անցյալ տարվա հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին։ Կողմերը բազմիցս փոխանակվել են կոշտ մեղադրանքներով։ Ապրիլի 9-ին Թուրքիայի առևտրի նախարարությունը սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հետ 54 տեսակի ապրանքների, այդ թվում՝ շինանյութերի, արդյունաբերական սարքավորումների և մետաղագործական ապրանքների առևտրի համար։