23 Դեկ
2024
-2° c ԵՐԵՎԱՆ
1.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից․ Վահե Հովհաննիսյան

Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի կոնգլոմերատից․ Վահե Հովհաննիսյան

Իրականությունն այն է, որ մենք գտնվում ենք ազգային խոր փլուզման
մեջ՝ պատկերացումների ու նպատակների շատ փոքր հորիզոնով։ Սա երկիր է, որտեղ իշխանության
սխալների պատճառով ռեալ հայրենիք ենք կորցնում ու ռեալ ճանապարհ՝ Լաչինի միջանցքը,
ու անմիջապես հետո ժողովրդին կերակրում են միֆական «խաղաղության խաչմերուկով». այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային»
խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի
որպես սկիզբ ՝ պետք է հրաժարվենք բոլոր իմիտացիաներից և  գտնենք ճիշտ պատասխաններ խեղդող հարցերին՝ ի՞նչ է
լինելու, ի՞նչ պետք է անենք և սկսենք ճիշտ հասկանալ իրականությունը և ապագան։

«Պատկերացնենք՝ մի
օր Նիկոլը հանդես է գալիս ուղերձով և հայտարարում է, որ ԼՈՒԾԱՐՈՒՄ է Հայաստանի Հանրապետությունը։
Իր ոճի մեջ տալիս է ձևակերպում, թե «Հայրենիքը պետությունն է, իսկ պետությունը պարտադիր
չէ, որ լինի քարտեզի վրա, այն մեր մտքերում է, հոգում։ Եվ եթե մենք չունենք պետություն,
հետևաբար ոչ ոք չի կարող հարձակվել մեր պետության վրա, և հետևաբար մենք ամենահաղթած
ու խաղաղ պետությունն ենք»։ Վերջում կասի՝ «Պետությունը դու ես, դու ես, դու ես…
ու հետևաբար մենք ունենք 3 մլն պետություն»,-գրել է նա և հավելել, որ երբ մի օր նման
բան լինի շարունակությունը կլինի նույնը, ինչ եղավ Արցախի Հանրապետությունը կորցնելուց
հետո՝ մի փոքր ընդվզում, ՔՊ-ն մի պահ կանցնի ջրի հատակը, հետո մի քանի օրից կվերակենդանանա
ու կսկսի Նիկոլ պաշտպանել, խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի հերթական քառօրյային։

Հովհաննիսյանի խոսքով՝
ինքն  առաջարկում է այս սցենարը, որպեսզի ճիշտ
հասկանանք՝ ինչ ունենք այսօր և ինչ չունենք, ինչ վիճակում ենք, ինչ պետք է կառուցենք
և ինչպես։ Նա առաջարկում է դուրս գալ այս իրականությունից և դառնալ իրական։

«Գտնվում ենք լուրջ
մեդիատեռորի ազդեցության տակ, որը թույլ չի տալիս ինքնուրույն մտածել, լսարանին սարքում
է հոտ։ Պետք է դուրս գալ այս իրականությունից, որը կազմված է Նիկոլից ու անհասկանալի
կոնգլոմերատից՝ իբր պայքարողներից, իբր մի բան իմացողներից, իբր՝ Մոսկվայի հետ մոտիկներից,
իբր կառույցներից, իբր ազգայնականներից, իբր ազնիվներից, իբր այս ամենը ծանր տանողներից
և այլն և այլն։ Ժամանակն է դառնալ իրական, որ կարողանանք վերականգնվել որպես իրական
ժողովուրդ՝ իրական արժանապատվությամբ, իրական նպատակներով, իրական ապագայով։ Մեր մտածողության
հորիզոնը պետք է մեծացնել։ Իրական խելոք ու սրտացավ մարդիկ են պետք, և լուրջ աշխատանք
կազմակերպելու համար պետք են ռեսուրսների տիրապետող իրական հայրենասերներ, ոչ թե այնպիսիք,
որոնց ուշքն ու միտքն իրենց կուտակած գույքն է և Հայաստանից թռնելու երազանքը»,- նշել
է Հովհաննիսյանը։