
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է. ՔԿ
Ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում բողոքի ակցիաների ընթացքում դրսևորված առերևույթ հանցավոր դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթներով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է․ այս մասին հայտնում է Քնչական կոմիտեն ։ ։
ՔԿ-ն հայտնում է, որ նշված ժամանակահատվածում բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ բռնություն գործադրելու, ցույցերին հրազենով մասնակցելու հրապարակային կոչեր հնչեցնելու, բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նախապատրաստության, ակցիայի մասնակիցների կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և այլ դեպքերին։