Մեզ համար իրական Հայաստանը պատմական Հայաստանն է․ Հակոբ Տեր-Խաչատուրյան
Ժողովրդի համբերության բաժակը լցված է, և անհրաժեշտ է, որ այս իշխանության հրաժարականով վերականգնենք մեր ազգային արժեքները. ABCmedia-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
Նա նշել է, որ շարժման ժողովրդային ալիքը պիտի կարողանա հեռացնել այս իշխանությանը, որովհետև այլընտրանք չկա:
«Դժբախտաբար բոլոր փորձերը, որ տեղի ունեցան 2018-ից մինչև այսօր, նրանց շիտակ գծի մեջ բերելու, ձախողված են։ Այստեղ հավաքված ժողովրդի մի հատվածը ազգային գաղափարախոսությամբ տոգորվող ժողովուրդն է։ Մենք վստահ ենք, որ հաղթելու ենք»,-նշել է նա։
Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է նաև Փաշինյանի՝ իրական և պատմական Հայաստանների հակադրությանը։
«Դա ամենացավալի և կեղծ բաղդատականն է, որ կարելի է ունենալ։ Մեզ համար իրական Հայաստանը պատմական Հայաստանն է, պարզապես հանգրվանների խնդիր է։ Ես ուրախ եմ, որ ժողովուրդը պատմական Հայաստանի գաղափարն ասոցացնում է Դաշնակցության հետ, որովհետև յուրաքանչյուր հաղթանակ գալիս է մեծ երազանքից»,-եզրափակել է նա։