Ոստիկանության համազգեստ կրող բերետավորները վարկաբեկում են այդ համազգեստը և զանգվածաբար խախտում քաղաքացիների իրավունքները․ ՀայաՔվե
ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է ՀՀ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես` բողոքի գործողություններ, դասադուլներ և գործադուլներ իրականացնելու իրավունքը։ ՀՀ սահմանադրությունն ամրագրում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդը կարող է պահանջել իշխանության հրաժարականն ու համապատասխան բողոքի գործողություններ իրականացնել գործող վարչակազմից իր դժգոհությունն արտահայտելու համար․ այս մասին հայտարարել է «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը։
«ՀՀ քաղաքացիների այս սահմանադրական իրավունքներն այսօր հերթական անգամ կոպիտ կերպով խախտվել են ոստիկանական համազգեստ կրող անձանց կողմից, որոնք դուրս գալով իրենց լիազորություններից` զանգվածային և աննախադեպ բռնություններ են իրականացրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
Այս վարմունքով ոստիկանական այսպես կոչված հատուկջոկատայիններն իրենց հավասարեցրել են փողոցային խուլիգանական բանդաներին` նպաստելով վարչախմբի իշխանությունն ամեն գնով պահպանելու գործին, զանգվածաբար ոտնահարելով ՀՀ քաղաքացիների իրավունքները և վերազանցելով սեփական լիազորությունները։
Սա նաև ապացույցն է այն հանգամանքի, որ վարչախումբը կորցրել է կապն իրականության հետ, հենվում է ոստիկանական բիրտ ուժի վրա, և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքով ոստիկանության հատուկ ջոկատայիններին մղում է նորանոր հանցանքների։
Հիշեցնում ենք, որ բոլոր հանցանքները վավերագրվում են, և դրանք իրականացրած անձանց հետևից վաղ թե ուշ գալու են իրավապահ մարմինները։
Դիմում ենք ՀՀ դատախազությանը` հորդորելով շուտափույթ կերպով քննություններ սկսել այս օրերին Հայաստանում ոստիկանության կողմից աննախադեպ ծավալի բռնությունների իրականացման դեպքերի կապակցությամբ, նաև պահանջում ենք ոստիկանության բարձրաստիճան ղեկավարների ու հատկապես ոստիկանապետի հրաժարականը, որն այս օրերին աչքի է ընկնում իր անհավասարակշիռ պահվածքով։
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարում է, որ շարունակելու է աջակցել հայրենիքի փրկության համար սկսված Սրբազան շարժմանը: Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին դուրս գալ փողոց` ի պաշտպանություն Հայաստանի և ՀՀ քաղաքացիների իրավունքների։
Վարչախումբը պետք է հեռանա, ու դրան այլընտրանք չկա»,- նշվում է հայտարարության մեջ։