27 Նոյ
2024
7.4° c ԵՐԵՎԱՆ
6.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցեղասպանված, հայրենազրկված ժողովուրդը ընդամենը 3 տարի հետո վճռեց, որ ինքը կոչված է չմեռնելու․ Սրբազանը՝ Սարդարապատի մարտի մասին

Ցեղասպանված, հայրենազրկված ժողովուրդը ընդամենը 3 տարի հետո վճռեց, որ ինքը կոչված է չմեռնելու․ Սրբազանը՝ Սարդարապատի մարտի մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Սարդարապատում է։ Այնտեղ ելույթի ժամանակ Բագրատ սրբազանը խոսել է արժեքների մասին, որը տարիներ առաջ հայերի նկարագիրն էր ու այսօր կորսվում է։

«Մեր աչքի առջև են եղել Արարատը, Սարդարապատը, Ցեղասպանության խորհուրդը, Արցախը և ընդհանրապես հայի կերպարը՝ ոչ ստորացած, ոչ նստացած, ոչ ծառա՝ սրա, նրա։ Հիմա ամբողջը գողացված, իսկ վերջինները պարտադրված են մեզ։ Մենք հենց դրա համար ենք ոտքի կանգնել՝ ասելով, որ մեր բովանդակությունն ու էությունը ոչ ոք իրավունք չունի փոխելու։ Մեր պայքարը ճշմարտության հաղթանակի, սուտը ջնջելու, թշնամությամբ, ատելությամբ չապրելու մասին է։ Այդ բոլորը պետք է մերժվեն, և մենք այդ թշնամությունը, ատելությունն ու սուտը դուրս թողենք մեր կյանքից՝ սիրո մեջ ապրելով։ Այսօր բոլորը պատմում են, թե որքան լավ էր, երբ հարևանները, դրկիցները, մարդիկ միմյանց հետ սիրով էին ապրում։ Հիմա դրա բացակայությունը միայն ժամանակների փոփոխությունը չէ, այլ մեր ցանկությունը ջարդված լինելու, չվստահություն չունենալու մեջ է։ Այդ թշնամությունը մեր մեջ կարծես ներդրված լինի։ Մենք իրար տեսնում ու պատկերացնում ենք, թե ինչպես կարելի է օրինակ՝ շահագործել»,- ասել է Բագրատ սրբազանը։

Խոսելով Սարդարապատի խորհրդի մասին՝ սրբազանը ուշադրություն է հրավիրել 1915 թվականի հայրենազրկումից հետո կերտված առաջին պետության պատմությանը։

«Ցեղասպանված, հայրենազրկված ժողովուրդը ընդամենը 3 տարի հետո վճռեց, որ ինքը կոչված է չմեռնելու։ Սարդարապատի դաշտում որոշվեց մեր այսօրվա կյանքը։ Սարդարապատում կերտված հաղթանակը հատուկ սխրանք է։ Ժողովուրդները այդպես են լինում։ Երբ հավաքական նկարագիր, ուժ, ինքնաճանաչողոթյուն են ունենում, չեն կորչում նրանք, այլ կոչված են ապրելու՝ անկախ ամեն ինչից։ Մարդիկ ուղղակի երեք տարվա մեջ ահռելի, դժնդակ, ողբերգական օրերից հետո որոշեցին պետություն կերտել։ Հայությունը 600 տարվա ընդմիջումից հետո ստեղծեց իր առաջին պետությունը։ Մենք այսօր կանգնած ենք հենց այդ վայրում»,- նշել է շարժման առաջնորդը։

Բագրատ սրբազանը ընդգծել է՝ մեր զանգերը զարկելու են, սթափեցնելու են միշտ՝ ինչպես այսօր է։ Պատմության այս ամբողջ բովանդակությամբ ենք վճռել, որ պետք է հասնենք հաղթանակի։