23 Դեկ
2024
5.8° c ԵՐԵՎԱՆ
10.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի․ Դավիթ Անանյան

Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի․ Դավիթ Անանյան

Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ոչ միայն շարունակի մնալ քաղաքական շախմատի տախտակի կարևոր տարր․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«Բագրատ Սրբազանի գլխավորած Տավուշյան շարժումը, որն արդեն բնորոշվում է որպես իշխանափոխության օրակարգով սրբազան պայքար, դեռ շարունակում է դրսևորվել քաղաքական ասպարեզում՝ չնայած հանրային գիտակցության մեջ առկա հոռետեսության զգալի մակարդակին։

Շարժումը շարունակում է մնալ որպես քաղաքացիական ակտիվության վառ օրինակ, և չնայած շարժման ներուժի վերաբերյալ առկա թերահավատությանը, խաղաղ անհնազանդության ակցիաները վերսկսվեցին առավոտյան՝ ընդգծելով դրա մասնակիցների շարունակական վճռականությունն ու հաստատակամությունը:

Պատմական այս վճռական պահին յուրաքանչյուր անհատ իր ընտրությունն ունի․ կա՛մ ակտիվորեն աջակցել այս շարժմանը, ներդնելով իր ուժն ու համոզմունքները շարժման ընդհանուր նկրտումներում, կա՛մ պապանձվելով մնալ լուսանցքում՝ դրանով իսկ նպաստելով հոռետեսություն սփռող հանրային կարծիքի ձևավորմանը։

Ակտիվության և հանրային աջակցության բացակայությունը, կարող է հանգեցնել ստատուս քվոյի ամրապնդման անցանկալի հետևանքին, որն իր հերթին կամրապնդի գործող իշխանության դիրքերը և կդանդաղեցնի անհրաժեշտ քաղաքական ու սոցիալական վերափոխումների գործընթացը։

Շատ կարևոր է, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը ոչ միայն շարունակի մնալ քաղաքական շախմատի տախտակի կարևոր տարր, այլև բորբոքվի և դառնա իրական համաժողովրդական, քանի որ այս շարժումը հանրային բանավեճ է առաջացնում պետության զարգացման հնարավոր ուղիների մասին և փորձ է անում մոբիլիզացնել քաղաքացիական ակտիվությունը՝ ճիգ գործադրելով ազդել ներքաղաքական գործընթացների ընթացքի վրա»,- գրել է Անանյանը։