Իրանում սկսվել է 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը
Իրանի 14-րդ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը պաշտոնապես սկսվել է այսօր առավոտյան Թեհրանի ժամանակով ժամը 08:00-ին․ գրում է IRNA գործակալությունը։
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը տեղի է ունենում Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարությունում։
Թեկնածուների գրանցումը կավարտվի հունիսի 3-ին։ Հունիսի 4-ից հունիսի 10-ն Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կուսումնասիրի յուրաքանչյուր գրանցողի համապատասխանությունն անհրաժեշտ պահանջներին:
Գրանցվել կարող են ԻԻՀ քաղաքացի հանդիսացող 40-ից 75 տարեկան տղամարդիկ, որոնք ունեն առնվազն մագիստրոսի կոչում։ Այն բանից հետո, երբ խորհուրդը կքննարկի դիմումները, Իրանի ներքին գործերի նախարարությունը հունիսի 11-ին կհայտարարի հաստատված թեկնածուներին, որին կհաջորդի նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 26-ը: