26 Դեկ
2024
0.3° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու արգելքի վերաբերյալ օրենքը կարող է խաթարել Ուղղափառ Եկեղեցու միասնությունը. Գարեգին Երկրորդ

Ուկրաինայում Ուղղափառ եկեղեցու արգելքի վերաբերյալ օրենքը կարող է խաթարել Ուղղափառ Եկեղեցու միասնությունը. Գարեգին Երկրորդ

Ուկրաինայի Ռադայի
կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը, որով կարող է արգելվել Ուղղափառ եկեղեցու
գործունեությունը Ուկրաինայի տարածքում, կխաթարի Ուղղափառ Եկեղեցու անդաստանում հոգևոր
կյանքի միասնությունը ու ներդաշնակությունը․ ՏԱՍՍ գործակալությանը  տված հարցազրույցում ասել է Ն․Ս․Օ․Տ․Տ․  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մտահոգությամբ տեղեկացանք
Ուկրաինայի Գերագույն Ռադայում վերջերս քննարկած օրենքի նախաձեռնության մասին։ Կրոնական
կազմակերպությունների գործունեության առնչությամբ օրինագիծն իր դրույթներով նոր անցանկալի
տրամադրություններ պիտի ձևավորի հավատացելոց միջավայրում և պատճառ դառնա Քրիստոսի Եկեղեցու
ավանդական և նվիրագործված եկեղեցա-իրավական կանոնների անտեսման, ինչպես և Ուղղափառ
Եկեղեցու անդաստանում հոգևոր կյանքի միասնության ու ներդաշնակության խաթարման», – նշել
է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառը հույս է հայտնել,
որ «Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներն այս նուրբ հարցում կառաջնորդվեն և
կգործեն հավատքի սրբության, հավատակից ժողովուրդների հարաբերությունների կարգավորման
անհրաժեշտության գիտակցությամբ և Եկեղեցու դարավոր ավանդույթների հանդեպ հարգանքով»։

«Մեր խորին համոզմամբ,
հատկապես դժվարին այս փորձությունների շրջանում հարկ է Եկեղեցին զերծ պահել քաղաքական
գործընթացներից և կրոնական գործոնն առիթ չդարձնել շահարկումների ու հակառակությունների
սերմանման։ Մեր հանապազօրյա աղոթքն է, որ դադարի հակամարտությունը պատմական ամենասերտ
կապերով միմյանց հետ շաղկապված մեզ բարեկամ երկու ժողովուրդների միջև և նրանց կյանքում
իբրև համերաշխության ու խաղաղության հաստատման կամուրջ գերակայեն դավանվող համընդհանուր
արժեքներն ու հավատը», – հավելել է Գարեգին Երկրորդը։