Մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի՝ մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու ծրագրերը. ՌԴ պաշտպանության նախարար
ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը Ռուսաստանի հետ առճակատման իրենց կուրսով լարվածության աճ են առաջացնում հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Այս մասին Ալմաթիում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Դաշինքի առանձին երկրներ ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը Կովկասում՝ դրանով իսկ ելք ստանալով դեպի Կասպից ծովի ռեսուրսներ և ուղղակի մուտք դեպի Կենտրոնական Ասիա»,- ասել է նա:
Բելուսովի խոսքով՝Հայաստանին և Ադրբեջանին, հակասությունները լուծելու համար, պարտադրվում են միջնորդական ծառայություններ։ Առաջարկվում է խաղաղության պայմանագիր կնքել բացառապես արևմտյան հարթակներում և թելադրանքով։
«Առանձնակի մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի ծրագրերը՝ անվտանգության և պաշտպանության ամրապնդման պատրվակով մեր հայ գործընկերներին իրենց շահերի ոլորտ ներգրավելու վերաբերյալ»,-ասել է նախարարը։
«ՆԱՏՕ-ի և Եվրամիության կուրսը Ռուսաստանի հետ առճակատման ուղղությամբ լարվածության աճ է առաջացնում ՀԱՊԿ հավաքական անվտանգության մի շարք շրջաններում»,-եզրափակել է խոսքը Բելոուսովը։