Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով․ «Ապրելու երկիր»
«Փարաքար համայնքում այսօր տեղի ունեցածը ոչ այլ ինչ էր, քան իշխանազավթման հերթական դրսևորումը»․ այս մասին ասված է «Ապրելու երկիր» խմբակցության տարածած հայտարարության մեջ։
««Ապրելու երկիր» խմբակցությունը դեռևս մայիսի 21-ին նախաձեռնել էր համայնքի ղեկավարի անվստահության և Վալոդյա Գրիգորյանին համայնքի ղեկավար ընտրելու գործընթաց, որին իր ստորագրությամբ միացել էր ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը։
Նույն օրը համայնքի ղեկավարի հրաժարականի արդյունքում այսօր տեղի ունեցավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ավագանու անկախ անդամ Էմին Երիցյանը «որոշել է» ընտրել ՔՊ թեկնածուին։
Մեր ունեցած տեղեկություններով Երիցյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվել են ճնշումներ իշխանական տարբեր ներկայացուցիչների կողմից։
Առաջիկայում դիմելու ենք դատախազություն մեզ հայտնի փաստերի հիման վրա քրեական գործ հարուցելու մասով»,- ասված է հայտարարության մեջ։