26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե թողնում ես, որ հասարակությունը կրթվի հեռուստատեսությամբ կամ համացանցով, չես ունենա ո՛չ քաղաքացիների համախումբ, ո՛չ պետություն․ օպերային երգիչ

Եթե թողնում ես, որ հասարակությունը կրթվի հեռուստատեսությամբ կամ համացանցով, չես ունենա ո՛չ քաղաքացիների համախումբ, ո՛չ պետություն․ օպերային երգիչ

ABC ինտերվյուի հյուրն օպերային երգիչ, տենոր Հայկ Վարդանյանն է։ Նրա հետ խոսել ենք այն հնչեղ հայկական անուններից, որոնք փայլում են աշխարհի լավագույն օպերային բեմերում, և կարծես իրենց երկրի մշակութային դեսպանները լինեն։ «Այս իրավիճակում թերևս միայն արվեստի միջոցով ենք կարողանում մեր երկրի վարկանիշը դրսում մի փոքր բարձր պահել, կարծում է երգիչը։ Հայկը հավատում է, որ մենք պայքարող տեսակ ենք և առաջնորդողի դերում հանդես եկող նույնիսկ որակյալ փոքրամասնությունն այս իրավիճակում կկարողանա ժողովրդին իր հետևից և երկիրն այլ ճանապարհով տանել։

-Հայկ երկրում տիրող այս խառը իրավիճակի պայմաններում ինչպե՞ս եք կարողանում աշխատել։ Դա խանգարո՞ւմ է, թե՞ ստիպում է կրկնապատկել ուժերը։

-Բարդ է, իրականում շատ բարդ է։ Փաստորեն մասնագիտական ներքին դժվարությունների հետ դու, նախքան բեմ բարձրանալը, նաև երկրի ապագայի հետ կապված դժվարություններն ես փորձում հաղթահարել։ Քանի որ մասնագիտական ընտրություն կատարելուց առաջ իմ առջև խնդիր էի դրել ինչ-որ տեղ արտաքին դիվանագիտության բացերը լրացնելու գործառույթ ստանձնել, աշխատում եմ կենտրոնանալ դրա վրա, որովհետև հաճախ հատկապես արտասահմանյան ելույթներն ուղեկցվում են հանդիպումներով։ Այդ հադիպումների շրջանակներում փորձում եմ Հայաստանի համար, ինչ-որ չբանակցված, կամ միգուցե բանակցային պրոցեսներից դուրս մնացած որոշ էմոցիոնալ ասպեկտներ հասցնել եվրոպական կողմին։ Բարդ է, բայց պետք է անենք, պետք է առաջ շարժվենք, որովհետև հատկապես պետք է մշակույթով ամրանանք, դրա շուրջ համախմբվենք և դրանով աշխարհին ներկայանանք։

-Կարևոր բան ասացիք։ Այս պայմաններում, երբ գիտենք, թե Հայաստանի քաղաքական իմիջը ինչ վիճակում է, մշակույթը կարո՞ղ է այն  որոշ չափով վերականգնել, մինչև նոր իրավիճակ կստեղծվի։

-Ճիշտ եք, այս պահին արտաքին աշխարհի համար մի տեսակ խեղճացած պատկեր ունենք և, թերևս, միայն մշակույթով էլ կարողանում ենք այդ բացը լրացնել, որովհետև եթե կոնկրետ վերցնեմ օպեային աշխարհը՝ այնտեղ բավականին հետաքրքիր ցնցումներ հենց հայկական անուններն են առաջացնում։ Համաշխարհային որևէ կարևոր բեմահարթակ չկա, որտեղ հայկական անուն- ազգանուններ չեն հնչում։ Մեր երգիչ-երգչուհիները շատ սրտացավ են Հայաստանի հանդեպ, որևէ մեկն իրականությունից կտրված չի գործում, բոլորն էլ գիտեն, որ իրենց անհատական կարիերան առաջ տանելուց բացի՝ լրացուցիչ առաքելություն ունեն։ Պետք է ամեն ինչ անենք ամեն մեկս մեր դաշտում, որոշ դեպքերում էլ պետք է համախմբվել մեր երկրի համար ավելի մեծ խնդիրներ լուծելու համար։

-Գիտեմ, որ Ձեր ծրագրում նաև հայկական ստեղծագործություններ են ներառված, որքանո՞վ են դրանք ընդունվում օտար հանդիսատեսի կողմից և արդյոք նրանք զգո՞ւմ են հայկական երաժշտությունը։

-Հետաքրիր է, որ շատ թարմ են զգացողությունները, որոնք ստացել եմ Զագրեբի երաժշտական ակադեմիայում վերջին ելույթից։ Այնտեղ առաջին անգամ ամբողջ մենահամերգը կառուցված էր Կոմիտասի երաժտության վրա, և այն փայլուն ընդունվեց, հաշվի առնելով, որ հանդիսատեսի մեծ մասը խորվաթներ էին։ Իրենք, իհարկե, կուզենային բառ առ բառ հասկանալ՝ ինչի մասին է երգվում Կոմիտասի երգերում, բայց երաժշտությունն ինքնին և ճիշտ փոխանցված էմոցիաները արդեն իրենց կախարդել էին։ Այս պահին միայն Կոմիտասի ստեղծագործություններով եմ հանդես գալիս և դա էլ է ինչ-որ տեղ առաքելություն։

-Մեր օպերային բեմում այսօր ի՞նչ է կատարվում ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում, հետևո՞ւմ եք։

-Ես շատ մոտիկից եմ հետևում, որովհետև, վերջիվերջո անցյալ տարի 3 խոշոր ներկայացումներում եմ հանդես եկել՝ «Աիդա», «Տուրանդոտ» և «Կարմեն»։ Կարելի է ասել՝ գործընկերներիս քաջալերողի կարգավիճակում եմ։ Շատ կուզենայի, որ մեր լավագույն ձայները, որոնք հիմա աշխարհով մեկ հանդես են գալիս, նաև մեր օպերային թատրոնի բեմը զարդարեն, որովհետև այդ ասպեկտը մեզ մոտ կաղում է։ Մենք գրեթե չունենք ներկայացումներ, որտեղ բացառիկ ձայներ ենք լսում (բացառություններ կան իհարկե)։ Որակական բացերը լրացնելու կարիք կա, ռեսուրս էլ կա այդ բացերը լրացնելու, պարզապես ցանկություն է պետք։

-Իսկ մեր երգիչների հաջողությունները աշխարհի տարբեր բեմերում ինչո՞վ են պայմանավորված։ Դրա պատճառը այստեղի կոնսերվատորիական դպրո՞ցն է, թե ՞այդ տաղանդը պարզապես բնածին է նրանց մոտ։

-Դա պայմանավորված է մեր երգիչների բնությամբ, մեր այբուբենով, մեր բաղաձայնների հարստությամբ, ինչ-որ տեղ՝ մեր լեռնային տեղանքով։ Կոնսերվատորիայում, բնականաբար, կան լավ դասախոսներ, բայց իմ խորին համոզմամբ՝ դասական ձայնը շարունակվում է մշակվել նաև կոնսերվատորիական տարիքից հետո նաև, և այդ հաջողությունները գրանցվում են միջանկյալ, ինքնուրույն զարգանալու ընթացքում։ Երևի թե, մեր մարտնչող բնավորությունն էլ այս իրավիճակում շատ կարևոր է, որովհետև բավականին համբերություն պետք է ունենալ, և չհանձնվելու ամուր կամք, հակառակ դեպքում թևաթափ լինելու և անարդարության դրսևորումների առկայության պայմաններում, հնարավոր է շատ շուտ հիասթափվել։

-Հայաստանում բեմադրվում են օպերային ներկայացումներ, բայց այդ ներկայացումների վերաբերյալ քննարկումներ, կամ որևէ քննադատություն չափազանց քիչ եմ լսել։ Մենք քննադատություն լսելու և ընդունելու հետ պրոբլեմ ունե՞նք։

-Մենք ունենք մեծամտության շատ մեծ խնդիր ընդհանուր կառավարման համակարգի, և ընդհանրապես մեր պետության մեջ։ Այդ մեծամտությունն ամենամեծ խնդիրներից մեկն է, որ ունենք, և դա խանգարում է առողջ քննադատություն ընդունել նույնիսկ ներսից, եթե մենք օպերային թատրոնի մասին ենք խոսում։ Միանձնյա որոշումները այնտեղ գերակայում են։ Ասում են, որ կարիք ունեն քննադատության, բայց նույնիսկ տարրական առաջարկներին ինչ-որ բան առողջացնելու՝ լուրջ արձագանք չեն տալիս․ բոլոր ղեկավարները իրավացի են և այն, ինչ անում են, ճիշտ է։ Այդ իրավիճակը մենք տեսնում ենք ամենուր։ Մեր օպերային թատրոնը մեր ամենամեծ հարստությունն է մեր մշակութային կյանքում, բայց այն դեռևս չի կարողանում դրսևորել իրեն, որպես այցեքարտային կետ, ուր Հայաստան եկող կարևոր հյուրերին տանելը կդառնա Հայաստանի հեղինակությունը բարձրացնելու կարևոր միջոց։

-Չգիտեմ տեղյակ եք, թե ոչ, մինչև վերջերս երաժշտական դպրոցներում ազգային նվագարանների բաժիններում սովորելն անվճար էր։ Հիմա որոշում է կայացվել դրանք դարձնել վճարովի։ Ինչի՞ համար է դա արվել և արդյո՞ք դա ազգայինը ստորադասելու ևս մի միջոց չէ։

-Ինձ համար դա տհաճ նորություն է իրականում, որովհետև մեր ժող․ նվագարաններին դեռևս 2013 թ․ եմ անդրադարձել, իբրև Նարեկացի ժողովրդական նվագարանների նվագախմբի մենեջեր, պրոդյուսեր։ Կատարողների թիվն աստիճանաբար պակասում է և, եթե կար գոնե այդ խթանը՝ անվճար ուսումնառության այդ բաժիներում,  հիմա այդ խթանն էլ վերացվեց։ Դա ինձ հիշեցրեց այն իրավիճակը, երբ Հայաստանն իրեն հայտարարել էր «Բաց երկնքի քաղքականության» ջատագով, և հայկական ավիաընկերությունները հայտնվել էին նույն մրցակցային պայմաններում, ինչ մյուս ընկերությունները։ Արդյուքում ստացվեց, որ Հայաստանում փաստորեն, ոչ մի պրոտեկցիա չեղավ հայկական ավիաընկերությաններին, ո՛չ օդակայանի սպասարկման, ո՛չ պետական օրենքների և հարկման առումով։ Դրսում, սակայն, մեր ընկերությունները մրցում էին այն ընկերությունների հետ, որոնք Հայաստանում իրենց հավասար պայմաններ ունեին, բայց իրենց երկրների հարկային դաշտում և օդակայաններում նրանք արտոնյալներ էին։ Այդպես մենք սպանեցինք հայկական ավիաընկերությունները։ Այդպես է, եթե դու քո ազգայինը որևէ կերպ չես պաշտպանում, մրցակցության մեջ միշտ կորելու է։ Այստեղ կա և՛ դիտավորություն, և՛ ինչ-որ տեղ սխալ խորհրդականների խորհրդատվություն, ովքեր դրանում կարևորություն չեն տեսել։

-Նկատել եք երևի, որ մեր ժողովրդի վերաբերմունքի մեջ սրտացավություն չի նկատվում դեպի իր երկիրը։ Դա ակնհայտ է ամենատարրական՝ երկիրը չաղտոտելու հանգամանքի բացակայության մեջ։ Արվեստն այս իրավիճակում կարո՞ղ է դեր ունենալ մարդկանց գիտակցության բարձրաման գործում, որն էլ իր հերթին կնպաստի, որպեսզի վերաբերմունքն էլ փոխվի։

-Մենք գալիս ենք պետության ամենակարևոր գործառույթներից մեկին՝ կրթելուն։ Այդ վարքագծային կանոնները ներարկելը՝ չաղտոտել և այլն, ցանկացած նորմալ պետություն իր կարևոր անելիքներից մեկն է համարում։ Մանկապարտեզային տարիքից խնդիր է դրվում ձևավորելու պատասխանատու քաղաքացի։ Իբրև պետություն, մենք այդ գործառույթը լիարժեք չենք օգտագործում։ Մշակույթը հենց այդ կրթության բաժնում շատ կարևոր ասելիք ու անելիք ունի։ Պետությունն ունի նաև գործիքակազմ մշակութապես կրթելու։ Մշակութապես կրթված հասարակությունը վարքագծային նորմերի առումով բավականին բարձր է և հակառակը՝ եթե մի հասարակության թողնում ես հեռուստատեսությամբ կրթվելու, կամ ավելի վատ՝ համացանցով կրթվելու հույսին՝ չես ունենա ոչ քաղաքացիների համախումբ, ոչ պետություն։

-3 նախադասությամբ օտարերկրացուն ինչպե՞ս կներկայացնեք Հայաստանը։

-Մեր երկիրը պատմության լավագույն խաչմերուկներից մեկն է, որտեղ կարելի է գալ և մարդկային քաղաքակրթության ամենահին ժամանակներից մինչև նորը տեսնել, հասկանալ։ Լավագույններից մեկն է պատմական սխալներից սովորելու և դրանք չկրկնելու, և, հավանաբար, ամենալավատես ժողովուրդներից մեկն է, որն այս ամենից հետո դեռևս կարողանում է ապագայի հանդեպ լավ սպասումներով դուրս գալ։ Այսինքն՝ մերը պայքարող տեսակն է։ Եվ ես այս սկսված պայքարին հավատում եմ, քանի կան այդ պայքարին սատարողեր։ Միևնույն ժամանակ ես համոզված եմ, որ որակյալ փոքրամասնությունն է ի վիճակի առաջնորդել մեծամասնությանը։ Այսօր ոչ թե պայքարողների քանակի, այլև որակի մասին պետք է խոսենք, իսկ այդ որակը կարծում եմ գնալով ավելի ակնհայտ կդառնա։

Զրուցեց՝ Լենա Գևորգյան