Վրաստանն ու Հայաստանը 2029 թվականի Մ-20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ են ներկայացրել
Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել 2029 թվականի ՖԻՖԱ-ի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն ընդունելու համար։
Այս մասին հայտարարել են Վրաստանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահներ Լևան Կոբիաշվիլին և Արմեն Մելիքբեկյանը՝ Երևանում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Կողմերը ստորագրել են համագործակցության հուշագիր և փոխանակվել են խորհրդանշական մարզաշապիկներով։
«Մենք երկու բարեկամներ ենք, հարևաններ և ֆուտբոլային հարուստ պատմություն ունեցող երկրներ: Մենք որոշել ենք, որ համատեղ հայտ ենք ներկայացնելու 2029 թվականի Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համար։
Սա շատ կարևոր նախագիծ է, մենք առաջիկայում այդ մասին պաշտոնական հայտարարություն կանենք։ Մենք երկուսս էլ նման մրցաշարեր անցկացնելու փորձ ունենք, և դա կօգնի մեր երկրներին ֆուտբոլի զարգացման գործում»,- ասել է Լևան Կոբիաշվիլին։
Առաջնության համար ՀՖՖ-ն պատրաստվում է առնվազն 2 մարզադաշտ կառուցել Տավուշի և Լոռու մարզերում։