
Ուկրաինան Լեհաստանից նախազգուշացում է ստացել անցակետի հնարավոր փակման մասին
Ուկրաինան Լեհաստանից հաղորդագրություն է ստացել նոյեմբերի 3-ից մինչև տարեվերջ փոխադրողների
կողմից անցակետի հնարավոր փակման մասին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝
հղում տալով Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոյին։
«Լեհական կողմի հետ միասին տեղի է ունեցել սահմանի ներկայացուցիչների հանդիպում, որի
ժամանակ Լեհաստանի գործընկերները հայտնել են, որ գործադուլ կարող է տեղի ունենալ նոյեմբերի
3-ից և կարող է շարունակվել առնվազն մինչև այս տարվա վերջ: Դա կիրականացվի այն փոխադրողների
կողմից, ովքեր ցանկանում են որոշակի բարելավումներ անձամբ իրենց համար և մրցակցություն
են տեսնում ուկրաինական փոխադրողների և իրենց միջև»,- ասել է Դեմչենկոն։
Ըստ նրա՝ Ուկրաինան ներկայումս Լեհաստանից մանրամասն բացատրություններ է սպասում, թե
ինչ գործողություններ կարող են ձեռնարկել լեհ փոխադրողները։ Պետական սահմանային ծառայության
ներկայացուցիչը պարզաբանել է, որ իրենք տեղյակ են լեհ փոխադրողների կողմից Կրակովեց-Կորչևա
անցակետը փակելու ծրագրերի մասին։