25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200, անհետ կորել՝ 42 անձ. ՔԿ

Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200, անհետ կորել՝ 42 անձ. ՔԿ

Արցախում ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում
ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակներում ձեռք են բերվել փաստական տվյալներ
այն մասին, որ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, խախտելով
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Ռուսաստանի Դաշնության
Նախագահի և Ադրբեջանի Հանրապետության Նախագահի կողմից հրապարակված եռակողմ հայտարարության
6-րդ կետի պահանջը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է Լեռնային
Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Ռազմական երկօրյա գործողությունների ընթացքում արձանագրվել են հայ
զինծառայողների, քաղաքացիական անձանց դիտավորությամբ, դաժանաբար  մահ պատճառելու,
նրանց նկատմամբ բռնություններ գործադրելու, խոշտանգման ենթարկելու, նրանց նկատմամբ
անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև՝
զինծառայողների, քաղաքացիական անձանց դիերը խոշտանգելու, անարգելու ռազմական հանցագործությունների
դեպքեր։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝
ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ում զոհվել է 200-ից ավելի զինծառայող և քաղաքացիական
անձ։ Շուրջ 12 քաղաքացիական անձ և 30 զինծառայող համարվում է անհետ կորած: Առկա են
առնվազն 14 անձի խոշտանգման ենթարկելու դեպքեր, որոնցից 12-ը զինծառայող են, 2-ը՝ քաղաքացիական
անձ։

Ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 3 երեխա, տարբեր
աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 231 զինծառայող և 80 քաղաքացիական անձ:

ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման քաղաքականության պլանավորված
ու կանխամտածված քաղաքականության, դրա մասը կազմող՝ սեպտեմբերի 19-20-ին իրականացված
ռազմական ագրեսիայի արդյունքում ԼՂ-ի գրեթե ողջ բնակչությունը՝ 100 հազարից ավելի անձ՝
բացառապես ֆիզիկապես փրկվելու անհրաժեշտությունից դրդված, բռնի տեղահանվել է՝ չունենալով
ունեցվածքը, գույքը դուրս բերելու պատշաճ ժամանակ և հնարավորություն: 

Ընդ որում՝ բռնի տեղահանության ընթացքում և դրան անմիջապես հաջորդող
ժամանակահատվածում արձանագրվել է 64 քաղաքացիական անձի մահ, որոնք ուղիղ պատճառական
կապի մեջ են պաշարման ժամանակահատվածում, էթնիկ զտումների գործողությունների և տեղահանության
ընթացքում կրած զրկանքների՝ սովի, դեղորայքային և բժշկական օգնության բացակայության
և այլնի հետ։

Քննության ներկա փուլում առկա են 16 անձի՝ 6 զինծառայողի գերեվարման
և 10 քաղաքացիական անձի առևանգման մասին տվյալներ։ Ադրբեջանի Հանրապետությունը 16 անձանցից
միայն 9 անձի մասով է հաստատել իրենց տիրապետության տակ վերջիններիս գտնվելու փաստը,
մյուսների մասով կատարվում են համապատասխան գործողություններ։