25 Նոյ
2024
12.7° c ԵՐԵՎԱՆ
8.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցն օրակարգ չի բերվի․ Ալեն Սիմոնյան

Կառավարությանը անվստահություն հայտնելու հարցն օրակարգ չի բերվի․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի խորհուրդը օրակարգ չի մտցնի ընդդիմության՝ Կառավարությանը անվստահություն հայտնելու և նոր Կառավարություն ձևավորելու հարցը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Աբսուրդ է ուղղակի։ Ինչու՞ պետք է օրակարգ մտցվի այդ հարցը»,-ասել է նա։

Լրագրողի հարցին, թե արդյոք ժողովրդի ընդվզումը չի՞ կարող պատճառ լինել օրինակ՝ արցախցիներին ինքնորոշման իրավունքի պաշտպանություն խոստանալն ու  փոխարենը տեղահանելը, տարածքային կորուստներ ունենալը։ Սիմոնյանը պատասխանել է․

«Բոլոր կառավարություններն էլ ինչ-որ բաներ մի քիչ այսպես ու մի քիչ այնպես են անում։ Բացի այդ՝ աշխարհում երրորդ համաշխարհային պատերազմ է սկսված և տեղի ունեցող գործողությունները նաև դրանով են պայմանավորված։ Կառավարությանը անվստահություն կարող է հայտնել միայն ՀՀ ժողովուրդը՝ ընտրություններով, իսկ ընտրությունները 2026 թվականին է։ Էս մարդիկ նույնիսկ իրենց սխալների վրա չեն սովորում, եկել են ու ասում՝ հիմա իշխանությունը, որ ժողովրդից ստացել եք, տվեք Գալստանյանին»,- ասել նա։

Լրագրողի դիտարկմանը, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնկակիցները ոչ թե իշխանությունը պահանջում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին տալ, այլ ուղղակի հրաժարական տալ։ Սիմոնյանը արձագանքել է։

«Ինչի՞ պիտի բայց։ Մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված վարչապետ։ Այսինքն՝ ով 10-20 հազար մարդ հավաքի փողոցում, պետք է գա ու վարչապետի թեկնածու առաջարկի՞։ Լու՞րջ եք ասում, լու՞րջ եք ասում։ Հայաստանում իշխանություն փոխելու պահանջ չկա։ Երբ մարդիկ ուզում են իշխանություն փոխել, գնում են ընտրությունների։ Այսօրվա գործողությունները դիտարկում եմ որպես աթոռակռիվ, հին ունեցվածքը վերադարձնելու փորձ»,- ասել է Սիմոնյանը։