Արցախից տեղահանված այն քաղաքացիները, որոնք նախընտրում են Հայաստանից
դուրս ապրել, հավանաբար կընտրեն փախստականի կարգավիճակն ու կտեղափոխվեն այն երկրներ,
որոնք վավերացրել են փախստականների վերաբերյալ միջազգային իրավական ակտերը․ ABC
Media-ի հետ զրույցում ասաց ՀՀ Փաստաբանների միությունների փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Նրանք կարող են մեկնել, օրինակ՝ Ֆրանսիա, որտեղ իրենց կապահովեն
կացարանով, սնունդի համար փող կտան՝ ապահովելով կենսական մինիմալ պայմաններով։ Բացի
այդ, փախստականների նկատմամբ օրենսդրական պարտավորություններ ունեցող երկրներ մեկնած
արցախցիները հնարավորություն կունենան հեշտությամբ ձեռք բերել տվյալ երկրի քաղաքացիություն։
Փախստականի կարգավիճակը ընտրած արցախահայերը կարող են շարունակել Հայաստանում ապրել»,-
ասաց փաստաբանը։
Արցախից տեղահանված այն քաղաքացիները, որոնք ուզում են Հայաստանում
ապրել ու ակտիվ սոցիալական կենսագործունեություն վարել, ընտրելու, տարբեր պաշտոններ
զբաղեցնելու, հայկական բանակում ծառայելու իրավունք ունենալ, պետք է նախապատվությունը
տան Հայաստանի քաղաքացիություն ստանալուն։
«Եթե նկատել եք, ՀՀ Կառավարության Արցախի Հանրապետությունից բռնի
տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու որոշման մեջ որևէ տեղ նշված
չէ «Արցախի Հանրապետությունից տեղահանված», այլ ասվում է «ԼՂ-ից տեղահանված», Հանրապետություն
բառը չի նշվում։ Այս որոշման վերնագրից մինչև բովանդակություն երևում է Հայաստանի քաղաքական
իշխանության գործողությունների ուղղությունը։ Նրանք մեկընդմիշտ ուզում են փակել Արցախի
Հանրապետության գոյության էջը նաև գաղափարական, ներպետական մակարդակով»,- եզրափակեց
Հովհաննիսյանը։