Պետքարտուղարության ներկայացուցչի նախատեսվող այցը ՀՀ վկայում է երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ԱՄՆ մտադրության մասին․ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Ռ. Վերման հունիսի 17-19-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման ժողովրդավարության ֆորումին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
«Այս այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու մեր մտադրությունը», – նշվել է Պետքարտուղարության հայտարարությունում։
Վերման կգլխավորի Կալիֆորնիա, Կանզաս, Միչիգան, Մոնթանա և Փենսիլվանիա նահանգների համայնքային և նահանգային պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը։ Նրան կուղեկցեն Նահանգային ու քաղաքային դիվանագիտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Նինա Հաչիգյանը, որը ղեկավարում է պետքարտուղարության նորաստեղծ ենթազգային դիվանագիտության թիմը, և Կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։ Պատվիրակությունը կհանդիպի հանրային և մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։